Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես պնդում են չհոսող աղբյուրները

Մայիս 17,2012 11:23

Հետընտրական «պարապությունը» լցնելու նպատակով մամուլը ջանադրաբար շարունակում է պաշտոններ բաժանել այս կամ այն քաղաքական գործչին:
Առավոտ կանուխ արթնանում ենք ու տեսնում, որ նոր կառավարությունն արդեն ձեւավորված է, գիշերը` լուծարված: Եվ այսպես արդեն տասը օր` սկսած մայիսի 7-ից: Ամեն օր ձեւավորվում ու լուծարվում է հայրենի կառավարությունը:
Մամուլին մի տեսակ նախորդ օրվա կառավարությունը այնքան էլ դուր չի գալիս. որոշում է նորից փոխել կազմը` նախարարական պորտֆելները սրանից հետ վերցնելով եւ տալով մյուսին:
Զուգահեռաբար նաեւ կառուցվածքային փոփոխություններ է կատարում` մաքսայինն ու հարկայինը բաժանում է իրարից, ոստիկանության փոխարեն կրկին վերակազմավորում է ՆԳ նախարարությունը, եւ այդպես շարունակ: Այսօր էլ երեւի կապն ու տրանսպորտը կառանձնացնեն, կամ էլ` նայած տրամադրության, գուցե որոշեն էներգետիկան ու բնական ռեսուրսները իրարից բաժանել, կամ էլ` սպորտն ու երիտասարդությունը:
Քանզի, ըստ մամուլի երեւակայության, կուսակցությունների ցուցակներում կան այնպիսի դեմքեր, որոնց նույնպես անհապաղ պետք է պորտֆելներ նվիրել: Իսկ եթե եղածը չի բավականացնում, ուրեմն պետք տրոհել գերատեսչությունները, կամ նոր կառույց հորինել:
Վարչապետի թեկնածուներն արդեն հայտնի են. Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Սեյրան Օհանյան, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան: Երեքշաբթի օրը մամուլը, հղում անելով նախագահամերձ իր աղբյուրներին, պնդում է, որ վարչապետի պաշտոնում մնալու է Տիգրան Սարգսյանը: Չորեքշաբթի պնդում է, որ կառավարությունը ղեկավարելու է Սեյրան Օհանյանը, իսկ Տիգրան Սարգսյանը դառնալու է ԱԺ նախագահ:
Հինգշաբթի վստահեցնում է, որ վարչապետի պաշտոնում, այնուամենայնիվ, նշանակվելու է Հովիկ Աբրահամյանը, որը, նախորդ օրվա վստահելի աղբյուրների համաձայն, դարձյալ զբաղեցնելու էր խորհրդարանի խոսնակի աթոռը: Իսկ արդեն ուրբաթ օրը բոլոր թեկնածուներին մի կողմ են դնում՝ պնդելով, թե վարչապետ է դառնալու Կարեն Կարապետյանը:
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին շաբաթվա բոլոր օրերին մեկ տեղավորեցին կառավարության կազմում, մեկ` Ազգային ժողովում: Ընդ որում` նրան շնորհեցին նախարարական երկու պորտֆել` մշակույթի եւ կրթության ու գիտության: Հավանաբար ընտրությունը թողել էին տիկին Զոհրաբյանին` որը կուզի, այնտեղ է կգնա:
Բայց հաջորդ օրը սկսեցին գրել, թե նա դառնալու է ԱԺ փոխնախագահ: Հայտնի չէ, թե ինչ պատճառով, բայց մամուլը չցանկացավ Նաիրա Զոհրաբյանին տեսնել կառավարության անդամների շարքում:
ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին էլ սկզբում ուղարկեցին կառավարություն՝ նախ գրելով, որ նա զբաղեցնելու է մշակութի, իսկ հետո՝ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը: Առայժմ տիկին Բիշարյանին կառավարությունից հետ չեն բերել, չնայած ավելի վաղ՝ դեռ մինչեւ ընտրությունները, արդեն Շուշան Պետրոսյանին էին տվել մշակույթի նախարարի պաշտոնը, իսկ հիմա էլ գրում են, որ կրթության եւ գիտության նախարարի պորտֆելը տրվելու է Հայկ Բաբուխանյանին:
Դժվար է ասել, թե վաղը որտեղ կհայտնվի Հեղինե Բիշարյանը, բայց որ նրան մամուլն այլեւս կառավարությունում չի ուզում տեսնել, հաստատ է: Մանավանդ որ նշված պաշտոնների համար արդեն իսկ «կոնկուրսը» գնալով մեծանում է:
ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանին էլ վերջին տասը օրերի ընթացքում բաժին հասավ երկու պաշտոն: Հավաստի աղբյուրները նախ պնդեցին, որ նրան դեսպան են նշանակելու ԱՊՀ երկրներից մեկում, բայց երեկ արդեն աղբյուրները փոշմանեցին ու վստահեցրին, որ արդեն վճռված է` Արամ Սաֆարյանը նշանակվելու է սփյուռքի նախարար:
Վերջին երկու օրերին աղբյուրները վարարեցին եւ իր պաշտոնից «դուրս քշեցին» սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանին եւ նրա փոխարեն նախարար նշանակեցին ԲՀԿ-ական Խաչիկ Գալստյանին:
Ըստ ամենահավաստի աղբյուրների, կարելի է արդեն շնորհավորել նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, որին էլ տրվել է կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնը:
ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանին էլ է պաշտոն հասել. նշանակվելու է արտակարգ իրավիճակների նախարար, իսկ այդ պաշտոնը զբաղեցնող ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը գլխավորելու է վերակազմավորվող ՆԳ նախարարությունը:
Ասենք նաեւ, որ մամուլն արդեն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին էլ է հանել իր առանձնասենյակից եւ նշանակել բնապահպանության նախարար:
Ըստ վստահելի աղբյուրների, հայտնի է նաեւ ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահի անունը` ԲՀԿ-ական Վարդան Օսկանյան:
Անգամ հայտնի է նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնանկության ամիսը. սեպտեմբերն է, եւ հենց այդ ժամանակ էլ մամուլը նշանակել է քաղաքապետի արտահերթ ընտրություններ, որի ժամանակ Ղուկասյանի փոխարեն քաղաքապետ է ընտրվելու Արման Սահակյանը, որը մեծամասնականով թեկնածություն էր առաջադրել, բայց ընտրություններում պարտվեց մրցակցին:
Ի դեպ, մամուլն արդեն իրենց պաշտոններից քշել է նաեւ Շիրակի, Արարատի, Արագածոտնի եւ Սյունիքի մարզպետներին: Ավաղ, նրանց փոխարինողների անուններն առայժմ չեն նշվում: Երեւի մամուլը հենց ուզում է անուններն իմանալ, աղբյուրի ջուրը կտրվում է` երկարաձգելով գործող մարզպետների երջանկությունը:
Զարմանալի է, որ մամուլը չի կարողանում տեղաշարժել կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչներին: Թեպետ դեռ ժամանակ կա, եւ գուցե այս հատվածին էլ անդրադառնա, պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ կատարի: Հավանաբար աղբյուրներն այդ կողմերից լուր չեն փոխանցում:

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031