Հայաստանի իշխանական դաշտը անցել է խորը ընդհատակ և կարծես ընտրությունները, որ տեղի ունեցան մայիսի 6-ին, եղել են ոչ թե Հայաստանում և դրան մասնակցել են ոչ թե Հայաստանի hանրապետական կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստանը», այլ ասենք` Ֆիլիպինների հանրապետական կուսակցությունը` ՖՀԿ-ն և «Բարգավաճ Ֆիլիպինները»՝ ԲՖԿ-ն:
Բանն այն է, որ այդ երկու հիպոթետիկ կուսակցությունները Հայաստանի խորհրդարանի ընտրությունից հետո իրենց երկրներում նույնքան ձայն են հանում իրենց պաշտոնական դիրքորոշումների, իրենց անելիքի վերաբերյալ, որքան ՀՀԿ և ԲՀԿ կոչվող քաղաքական ուժերը: Այդ կուսակցություններից մեկը սպասում է, թե ինչ կասի Սերժ Սարգսյանը, իսկ մյուսն էլ սպասում է Գագիկ Ծառուկյանի խոսքին: Թե ինչին են սպասում Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը` երևի միայն իրենց ու Աստծուն է հայտնի:
Սա բավականին աբսուրդային վիճակ է, երբ մի ամբողջ շաբաթ մի ամբողջ հասարակություն քննարկում է կոալիցիոն հնարավոր ձևաչափերի հարցը, իսկ երկու հիմնական դերակատարները իրենց դրել են չգիտես ինչի տեղ և լռում են, ընդամենը անհոդաբաշխ բացատրություններով ոչ այն է հաստատելով, որ միմյանց հետ կոալիցիա կկազմեն, ոչ այն է հերքելով այդ հեռանկարը: Նման աբսուրդային իրավիճակը կարող է նորմալ համարվել ցանկացած երկրում, որտեղ ոչ մի հոգս չկա և գլխավոր հոգսը հոգսերի բացակայությունն է: Բայց Հայաստանը, դժբախտաբար, թե բարեբախտաբար, մի երկիր է, որտեղ այնպիսի լրջագույն այլ հիմնախնդիրներ կան, մարդկանց համար կենսական, որ ամեն մի օրն ու ժամը պետք է օգտագործել կոնկրետ գործերի և այդ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի համար:
Եվ այս ֆոնին է՛լ ավելի ակնառու և է՛լ ավելի ապշեցնող է այն կեցվածքը, որ ներկայումս ունեն քաղաքական դաշտը կիսած այս երկու իշխանական կուսակցությունները, որոնց պահվածքից այնպիսի տպավորություն է, որ կերել են չափից շատ և այնքան են փքվել, որ այլևս չեն կարողանում շարժվել և ինչ-որ բան անել: Պետք էր երևի թե մի փոքր զուսպ լինել և չվերցնել ձայների այնպիսի քանակ, որից հետո պարզապես չգիտեն, թե ինչ անեն այդ քանակի հետ:
Կարդացեք նաև
«Ժամանակ»