Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայսրը» Գավառում էր

Մայիս 17,2012 10:21

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը «Կայսրը» ներկայացումով Գեղարքունիքի մարզկենտրոնում էր:

Գավառի մշակույթի տան 500 հոգանոց դահլիճը գրեթե լեփ-լեցուն էր: Հանդիսատեսը առանձակի ջերմությամբ ու կարոտով ընդունեց եւ ներկայացումը, եւ արտիստներին:

Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց թատրոնի տնօրեն Էդգար Բադալյանը` Լեւոն Շանթի համանուն երկի հիման վրա է բեմադրվել «Կայսրը» ներկայացումը: «Այս բեմադրության վրա աշխատել է Մհեր Մկրտչյանը, սակայն անավարտ մնաց նրա ցանկությունը, եւ մենք այսօր կարողանում ենք իրականացնել մեծ արտիստի անավարտ երազանքը: Պիեսը բեմադրվել է Գառնիկ Սեյրանյանի եւ Ալբերտ Մկրչյանի կողմից»,- նշեց Է. Բադալյանը:

«Կայսրը» բեմադրությունը մայրաքաղաքից դուրս առաջին անգամ ներկայացվեց Գավառում, որից հետո կշարունակվի ցուցադրվել նաեւ մյուս մարզերում: Բեմադրության մեջ ընդգրկված են թատերախմբի 20 դերասաններից 13-ը:

Թատրոնի տնօրենն իր խոսքում նշեց, որ Գավառի հասարակությունը գնահատում է թատրոնն ու սիրով այցելում ներկայացումներին, համեմատած որոշ քաղաքների` այստեղ շատ ջերմություն ու բարձր գնահատական կա:

Իսկ թատրոնի տոմսի մասին Է. Բադալյանն ասաց, որ Երեւանում մուտքի տոմսերն ավելի բարձր արժեք ունեն, իսկ շրջաններում տոմսի արժեքը գնահատելիս հաշվի է առնվում բնակչության վճարունակությունը:

Ներկայացումը դիտելու եկած Բյուրեղիկ Հովեյանը «Առավոտի» հարցին պատասխանեց, որ մեծ բավականություն ստացավ բեմականացումից եւ երկուսուկես ժամը բավարարեց արվեստասերին: Հանդիսատեսներից շատերը նշեցին, որ հազար դրամը իրենց համար թանկ չէ եւ կցանկանան ամիսը մի քանի անգամ թատրոն այցելել:

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031