Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ը կկրկնապատկի Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը»

Մայիս 17,2012 09:58

«ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը հրապարակել է Պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի 2013 ֆինանսական տարվա հատկացումների նախագծի մանրամասները, որտեղ կոչ է արվել Լեռնային Ղարաբաղին տրամադրել առնվազն 5 միլիոն դոլարի օգնություն՝ ինչը զգալի աճ է նախկինում հատկացվող 2 միլիոն դոլար գումարից, և Հայաստանին տրամադրել 40 միլիոն դոլարից ոչ պակաս օգնություն՝ մերժելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության 7,2 միլիոն դոլարով կրճատման առաջարկը»:

Այս մասին հայտնել են Ամերիկայի հայկական հանձնաժողովի ու Ամերիկայի հայ Դատի հանձնախմբի կողմից տարածված հաղորդագրությունները:

Հաղորդագրությունների համաձայն, հանձնաժողովի լրիվ կազմով Հատկացումների օրինագծի շուրջ քննարկումները կանցկացվեն հինգշաբթի օրը:

Օտարերկրյա հատկացումներն այս տարի նախատեսվում է կրճատել 5 տոկոսով՝ անցյալ տարվա համեմատությամբ, և, բացի այդ, ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության ծավալը նախատեսվում է կրճատել 1,1 միլիարդ դոլարով, ինչը 3 միլիարդ դոլարով պակաս կլինի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից 2013 ֆինանսական տարվա համար հայցված գումարից:

Ըստ հաղորդագրությունների, չնայած կրճատումների և օգնությունը նվազեցնելու միտումների, հատուկ շեշտվել է, որ 2012 թվականին ընդունված Հայաստանին տրամադրվող՝ 40 միլիոն դոլար կազմող օգնության ծավալը մնալու է անփոփոխ:

Բացի Հայաստանին տրամադրվող 40 միլիոն դոլար օգնության նշվել է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների հանձնաժողովի կողմից հրապարակված Պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի 2013 ֆինանսական տարվա հատկացումների նախագծում նախատեսված է պահպանել Հայաստանին և Ադրբեջանին «Օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորում» (FMF) և «Միջազգային ռազմական կրթություն և վերապատրաստում» (IMET) գծով հատկացվող օգնության հավասարակշռությունը: «Օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորում» (FMF) և «Միջազգային ռազմական կրթություն և վերապատրաստում» (IMET) հարցերի գծով և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին կհատկացվի, համապատասխանաբար, 2,7 միլիոն և 600 հազար կազմող գումար:

«Հայաստանին և Արցախին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող օգնության ծրագրերը խիստ կարևոր դեր ունեն՝ հատկապես հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումը», – ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին՝ հավելելով. «Հաշվի առնելով բյուջեի ընդհանուր գումարի նվազեցումը, Համագումարն իր երախտապարտությունն է հայտնում ենթահանձնաժողովի նախագահ Ներկայացուցիչների պալատի հատկացումների Քեյ Գրեյնջերին և ավագ անդամ, Նյու Յորք նահանգի դեմոկրատ Նիթա Լոուիին՝ Հայաստանին պատշաճ օգնության տրամադրման գործում իրենց գործադրված ջանքերի համար: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Շիֆին՝ հայ ժողովրդի օգտին տարվող իր անխոնջ աշխատանքի համար»:

«Կալիֆորնիայի և ողջ ԱՄՆ-ի հայ համայնքը շնորհակալ է կոնգրեսական Ադամ Շիֆին, ով ջանք չի խնայել օտարերկրյա պետություններին օգնության տրամադրման այս կարևոր հարցում, իր ակտիվ, սկզբունքային և հաստատակամ առաջնորդության համար», – ասել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Ցանկանում ենք նաև հայտնել մեր խորին երախտագիտությունը կոնգրեսական Սթիվ Ռոթմանին, հանձնաժողովի ավագ անդամ Նիթա Լոուիին, կոնգրեսականներ Ֆրենկ Ուոլֆին և Ջեսի Ջեքսընին, և իհարկե, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջերին» – նշել է Արամ Համբարյանը:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031