Այսօր Aravot.am-ը ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից մեկնաբանություն խնդրեց՝ ՀԱԿ-ից հեռացողների հետ կապված: Տիկին Սարգսյանը հարցին հարցով պատասխանեց. «Ովքե՞ր են հեռանում, տեղյակ չեմ»: Երբ հիշեցրինք Աշոտ Զաքարյանի, Արամ Սարգսյանի մասին՝ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ «Հանրապետության» որոշումն ու մոտեցումները հարգում է. «Դա նրանց իրավունքն է, մենք բոլորս անկախ կուսակցություններ ենք, եւ ոչ մեկս երդում չի տվել, որ ամբողջ կյանքում ՀԱԿ-ի կազմում կլինենք: Իհարկե, դա մեզ չի վերաբերում, բայց չեմ կարող չհարգել Արամ Սարգսյանի կարծիքը: Նրան կանաչ ճանապարհ, մենք միասին 4-5 տարի աշխատել ենք, որի համար շնորհակալ եմ, եւ մաղթում եմ ամենայն բարիք»:
Մենք հետաքրքրվեցինք, թե այսօր «Հանրապետությունից» բացի, ուրիշ անդամների կողմից դժգոհություններ չկա՞ն ՀԱԿ-ի վարած քաղաքականությունից՝ նա պատասխանեց. «Այսօր ընդհանրապես երկրում մի վիճակ է ստեղծված, որ բնականոն ընթացք է տեղի ունենում: Դա ոչ միայն ՀԱԿ-ում է, դա «Ժառանգությունում» է, դա «Բարգավաճում» է, դա ՀՀԿ-ի ներսում է: Եկել է մի պահ, որ բոլորն իրենց հաշիվ են տալիս, թե ինչպես պիտի շարունակեն: Ես ամեն դեպքում մեր կազմում առանձնապես մեծ դժգոհություններ չեմ տեսնում»:
Լյուդմիլա Սարգսյանը վստահեցրեց, որ իրենք մանդատները վերցնելու որոշումն ընդունել են ընդհանուր քննարկման միջոցով. «Դա մեր ընդհանուր որոշումն է, մենք չենք ունեցել որոշում, որ կարող է մանդատը դնենք: Ես կարծում եմ՝ թեկուզ այդ փոքր, 7 հոգիանոց խումբը, որ մտնելու է ԱԺ, այնտեղ ունակ է շատ լուրջ փոփոխություններ իրականացնելու: Մեր պայքարը շարունակվելու է ե՛ւ դրսում, ե՛ւ Ազգային ժողովի ամբիոնից: Դեմը նախագահական ընտրություններ են, մենք հեռուստաեթերի հնարավորություներ շատ քիչ ենք ունենում, ուրեմն պիտի կարողանանք օգտագործել յուրաքանչյուր հարթակ, յուրաքանչյուր ամբիոն»:
Մեր հարցին՝ ԲՀԿ-ն ֆինանսապես չի՞ օգնում է ՀԱԿ-ին՝ տիկին Սարգսյանը պատասխանեց՝ «Զարմանալի հարց եք տալիս, մենք ո՞նց կարող ենք մեկ այլ քաղաքական ուժի ֆինանսական աջակցությունն ընդունել, դա կարծիք է, որ շրջանառվում է: Չեմ զարմանա, որ այդ կարծիքը տարածում են Հանրապետականները: ՀԱԿ-ը արդեն 4 տարի է՝ իր գործունեությունը ծավալել է առանց Բարգավաճի, եւ մեր խնդիրները մենք լուծել գիտենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ