Այսօր ԵՊՀ-ում կրկնակի տոն էր. համալսարանը նշում է հիմնադրման 93-րդ ամյակը: Այդ առիթով կազմակերպվել էր տոնական միջոցառում, որին մասնացում էր ռեկտորը` Արամ Սիմոնյանը: Ողջույնի խոսքում նա համալսարանականներին կոչ արեց` մնալ իրենց բարձունքում:
«Ցանկացած մարդ պետք է հպարտանա, նրանով, որ սովորում կամ աշխատում է այդ համալսարանում»,- ասում է Սիմոնյանը:
Ավանդական երգ ու պարին փոխարինեց «ԵՊՀ լավագույն ուսանող-2012» ամենամյա մրցանակաբաշխությունը: Մինչ այդ, ԵՊՀ-ի 16 ֆակուլտետները արդեն ներկայացրել էին իր երեքական թեկնածուների անունները: Այդ տիտղոսին արժանանալու համար նախևառաջ ուսանողները պետք է ունենային ուսման առաջադիմություն, հետո նոր` գիտական աշխատանքներ կատարելու ունակություն, ուսանողական հասարակական ակտիվություն ու օրինակելի վարք: Հանձնաժողովի անդամներն էլ, ուսումնասիրելով թվարկվածները, կայացրել են իրենց որոշումը: Կոշեթյան Լուսինեն էլ նրանցից է, ով արժանացել է «ԵՊՀ լավագույն ուսանող» կոչմանը: Սովորում է Փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսում: Ըստ նրա, այս կոչումը ավելի կբարձրացնի իր պատասխանտվությունը: Իր կողմից մրցանակը սպասելի էր այնքանով, որ ամբիոնից իր անունն էլ են ներկայացրել: «Լավ ես զգում, երբ քեզ գնահատում են որպես ուսանող»,- ասում է լավագույն ուսանողուհին:
Թամարա Պողոսյանը, ով սովորում է Հայ բանասիրության ֆակուլտետի չորրորդ կուրսում, նույնպես լավագույններից էր: Այս կոչումը նրան ավելի ինքնավստահ կդարձնի: Հույսեր` կապված մրցանակաբաշպության հետ` եղել են, բայց միևնույն է, մինչ անունը չի հնչել` որպես հաղթած, չի հանգստացել:
«Կարծում եմ այդ տիտղոսի արժանիքները ունեի»,- ասում է Թամարան:
Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով ու «ԵՊՀ» բրոնզե մեդալով:
Արամ Արարատյան