Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը պատրաստ է ոչնչացնել Նորագավիթի մոտ 15 հազար մրգատու ծառերի եւ խաղողի այգիները, որ ֆուտբոլի ֆեդերացիան 3-րդ մարզադաշտը կառուցի

Մայիս 16,2012 18:05

Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է ոչնչացնել Նորագավիթի մոտ 15 հազար մրգատու ծառերի եւ խաղողի այգիները, որպեսզի ֆուտբոլի ֆեդերացիան նոր մարզադաշտ կառուցի: Այս մասին ահազանգում են Երեւանի Շենգավիթ համայնքի Նորագավիթ թաղամասի մի խումբ բնակիչներ: Նրանք դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

«Մեծարգո պարոն վարչապետ,

Նորագավիթ թաղամասի կոլտնտեսության լուծարումից հետո` 1992 թ-ի նոյեմբեր ամսից, հողատարածքների շուրջ 350 հեկտարից 90հա-ն սեփականաշնորհվեց, իսկ մնացած 260 հա-ն վարձակալական հիմունքներով տրվել է բնակչությանը` օգտագործելու: Հողի վարձակալական պայմանագիր կնքվեց մինչեւ 2004թ-ը եւ չշարունակվեց, իսկ ոռոգման ջրինը` երեք տարին մեկ մինչեւ այսօր: Բոլոր վճարումները կատարվել են ժամանակին, որի հիման վրա ստացել ենք կտրոններ: 2012թ. ապրիլի 11-ին մի խումբ մարդիկ մուտք գործեցին հողատարածք` հորդորելով մարդկանց, որ մենք քաղաքապետարանից ենք եւ այդ հողերը վերցված են, ձեզ չենք թույլատրում հողատարածք մտնել: Մենք բնակիչներով հավաք կազմակերպեցինք քաղաքապետարանի մոտ: Մեզ հայտնեցին, որ այսօր` երեկոյան ժամը 4-ին, ձեզ կպատասխանենք, բայց ոչինչ չպատասխանեցին: Հաջորդ առավոտյան, տնակ տեղադրելով Արտաշատի խճուղու մայթեզրին, մարդկանց թե ընկերական, թե համոզմունքով, եւ թե հորդորանքով շուրջ 70 հա հողատարածք վերցրեցին: Կան այնպիսի մարդիկ, որոնք իրենց հողերի տեղն անգամ չգիտեին, եւ մի քանի դրամն իրենց համար մեծ նշանակություն ունի, որից տուժեց ողջ բնակչությունը: 12 հա հողի մասին դեռ ոչինչ չեն հայտնում, բայց քաղաքապետարանից տեղեկացանք, որ այդ տարածքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային պետք է հատկացվի` մարզադաշտ պատրաստելու համար: Այս տարածքում տնկված են մոտ 15 հազար պտղատու ծառեր եւ եւ խաղողի այգիներ, եւ գյուղատնտեսության համար բարձր որակի հողատարածք է, որի ոչնչացումից թթվածնի մեծ աղետ կլինի թե Նորագավիթի, եւ թե շրջակա միջավայրի համար: Նույն ճակատագիրն ունի նաեւ հարակից 10 հա տարածքը, որը նախատեսված է ավտոկայանատեղ պատրաստելու համար, որտեղ մշակվում են խաղողի եւ պտղատու ծառեր:

Բնակիչները խնդրում են Ձեզ, համապատասխան միջոցներ ձեռնարկել` հողօգտագործողներին զերծ պահելու նման իրավիճակից եւ թույլատրել սեփականաշնորհելու, կամ երկարացնելու վարձակալման պայմանագրերը: Հարգանքներով մի խումբ բնակիչներ»,- ասված է դիմումում, որի տակ ստորագրել է Նորագավիթի 28 բնակիչ:

«ԷկոԼուր»-ի կողմից նշենք, որ Նորագավիթի տարածքի հարեւանությամբ են գործում  «Նաիրիտ», «Մաքուր երկաթ»-ը, «Արմենիան Տիտանիում Փրոդաքշն», «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ձեռնարկությունները, որոնք տոքսիկ գազեր են արտանետում մթնոլորտ: Արտանետումները ռիսկեր են պարունակում  տեղի բնակչության առողջության համար եւ շրջակա միջավայրի համար: Եթե այս նախագիծն իրականացվի, ապա մարդիկ կմնան առանց կանաչ գոտու պաշտպանության: «ԷկոԼուր»-ը թեժ գծով հարցում է ուղարկում ՀՀ բնապահպանության նախարարություն: Հաշվի առնելով այն, որ նախագծի տարածքն այնպիսին է, որ նրա վրա իրականացվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, խնդրում ենք տեղեկացնել մեզ եւ հասարակությանը` արդյոք ներկայացվա՞ծ է մարզադաշտի կառուցման նախագիծը (ինչի մասին ասվում է ՀՀ վարչապետին ուղղված դիմումում) բնապահպանական փորձաքննություն եւ դրական եզրակացություն ստացե՞լ է: Եթե նախագիծը չունի դրական եզրակացություն, ապա խնդրում ենք ընդունել ահազանգը Նորագավիթում տեղի ունեցող անօրինական գործողությունների մասին եւ բնապահպանական տեսչությանն ուղարկել` շտապ հայտնաբերելու խախտումները, կազմակերպել հասարակական լսումներ` Նորագավիթում մարզադաշտի կառուցման նախագծի վերաբերյալ:

«ԷկոԼուր»

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031