Լրահոս
Օրվա լրահոսը

«DIY ակումբում Աթաթուրքի նկարն է կախված եղել»

Մայիս 16,2012 17:22

DIY ակումբի հրկիզումից հետո հ/կ-ների մի մասը բացասական դիրքորոշում հայտնեց դեպքի վերաբերյալ, թե արվածը ռասիստական, անգամ՝ ֆաշիստական դրսեւորում ունի: Մամուլի որոշ հրապարակումներում քննադատության արժանացավ արդեն ազատ արձակված երիտասարդներին վերագրվող արարքը:

«Նախնյաց հետքերով» հ/կ նախագահ Արման Մխիթարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ծանոթ չեն ակումբի հրկիզման մեջ մեղադրվող երիտասարդները, միեւնույն ժամանակ փաստեց, որ դեպքից ժամեր չանցած,  որոշ մտավորականների  կողմից քարոզ  սկսվեց ազգային արժեքները դավանող և պահպանող մարդկանց ու խմբերի դեմ: «Ոչ մեկ իրավունք չունի այդ տղաներին հանցագործ կամ  ֆաշիստ անվանել,  ինչպես նաև` հասարակության մեջ բացասական կարծիք ձեւավորել, քանի դեռ այդ արարքի առթիվ չի կայացվել դատարանի վճիռը: Անմեղության կանխավարկածը դեռ ոչ ոք չեղյալ չի համարել: Այսօր ազգայնական բառի իմաստը դիտավորյալ խեղաթյուրվում է` այն նույնացնելով ազգայնամոլության եւ այլատյացության հետ: Ազգայնականը նա է, ով իր մեջ կրելով ժամանակի ընթացքում բյուրեղացած ազգային սրբություններն ու արժեքները, անհաշտ պայքարի է ելնում դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգության փորձի դեմ:  Լինել ազգայնական՝ չի նշանակում ատել այլ ազգերին եւ դրանց մշակույթը»,-ասաց Մխիթարյանը:

Ըստ նրա՝ միասեռականության պաշտպանները քարոզում են աշխարհի քաղաքացի լինելու գաղափարը՝ պատճառաբանելով, որ եթե ազգությունները ձուլվեն, չեն լինի նաեւ պատերազմներ: Մինչդեռ Արման Մխիթարյանի խոսքով, պատերազմների պատճառը ոչ թե էթնիկ տարբերությունն է, այլ  որեւէ խմբավորման` մյուսի ունեցվածքին տիրելու ցանկությունը:

Հիշելով DIY-ում ժամանակին Աթաթուրքի նկարի կախված լինելու մասին՝ «Նախնյաց հետքերովի» նախագահը նշեց, որ այդ կերպ ակումբի տերերը անարգում են անմեղ նահատակների հիշատակը. «Դեռ մեկ դար էլ չանցած` մոռանում  են ցեղասպանության արհավիրքները եւ հավասարություն դնում ցեղասպանություն իրագործած թուրքի ու նահատակված հայի միջև: Համացանցում տեղադրված  տեսանյութերից պարզ է դառնում,  որ ակումբի տերը լեսբուհի է: Մենք գործ չունենք իր սեռական կյանքի հետ, բայց երբ փորձ է արվում այն ի ցույց դնել հասարակությանը, դա վերածվում է քարոզի, ինչի արդյունքում  այլասերվում է հատկապես երիտասարդությունը: Նրանք քանիցս մասնակցել են Թուրքիայում կազմակերպված գեյ- շքերթներին, ինչը եւ քարոզի մի ձև է: Հիմա ի՞նչ՝ դասական կողմնորոշում ունեցողնե՞րն էլ շքերթ անեն»:

Արման Մխիթարյանի խոսքով՝ միասեռականներին սատարող կազմակերպություններն օգտվում են դրամաշնորհներ տրամադրող արտասահմանյան ընկերություններից, ինչը միտված է  մեզանում, այսպես կոչված, արեւմտյան   «արժեքներ» տարածելուն. «Դրանցից մեկը  ֆեմինիզմն է` առողջ ընտանիքի թիվ 1 թշնամին, քանզի այն, իբր թե հռչակելով կանանց եւ տղամարդկանց հավասարություն,  իրականում հակադրություն է ստեղծում նրանց մեջ: Մեր ազգային արժեհամակարգում ընտանիքի կինը միշտ էլ ունեցել է բարձր պատիվ ու հարգանք: Նրանց պետք է ոչ թե հակադրել, այլ համադրել, քանզի մեկը լրացնում է մյուսին»: Երիտասարդի խոսքով. « Հիմա մեզ ոչնչացնում են մշակութային ձեւով՝ խեղելով հայ մարդու դիմագիծը»:

«Հայրունի պահանջատերերի համախմբում» նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը նշում է, որ ականատես է եղել Կոմայգու դիմաց հավաքված տրանսսեքսուալների սադրանքներին, երբ վերջիններս  բացահայտ  հարձակվում էին անցորդների վրա` դրդելով նրանց հակազդեցության, քանզի գիտեին, որ այդ տարածքը գտնվում է  քաղաքապետարանի եւ Ֆրանսիական դեսպանատան տեսախցիկների տեսանելիության տակ. «Ասում են` դե կարա՞ս՝ խփիր, մենք պաշտպանված ենք եվրակառույցների կողմից, և ոչ մեկդ մեզ ոչինչ չի կարող  անել»: Համահարթեցման քաղաքականությանը հաճախ չենք կարողանում դիմակայել թերի օրենքների պատճառով: Եվրոպական շատ երկրներ նույնպես դեմ են արևմուտքում ծնունդ առած համահարթեցման` գլոբալիզացիայի գաղափարին, քանզի դա ոչնչացնում է ազգային դիմագիծը: Իսկ մենք դեռ իներցիայի տակ, գոռում ենք «առաջ, դեպի Եվրոպա»,- ասաց Ա. Գրիգորյանը` հավելելով, որ  Եվրոպական օրինագծերը պարտադրվում են փաթեթների տեսքով, այնինչ՝ նրանցում կան դրույթներ, որոնք հաստատ հայի համար չեն:
Ա. Գրիգորյանի խոսքով, արևմտյան քարոզը  կյանքի նկատմամբ սպառողական մոտեցման դրսևորում է ենթադրում. «Ապրիր հաճույքներիդ համար: Նրա ասելով. «Ծոմակը` ակումբի տերը, ինքն էլ ելույթներում նշում է, որ ապրում է հաճույքի համար: Պետք է ոչ միայն դրոշ դարձրած ծածանել իրավունքների մասին դրույթները, այլ տեր լինել ազգի ու հասարակության առջև ունեցած պարտավորություններին»:

Նշենք, որ Ծոմակի ռոք խումբը ժամանակին կոչվում էր «Ինցեստ», ինչը նշանակում է արյունապղծություն, ավելի ուշ այն վերանվանվեց «Պինցետ»:
Խնդրի շուրջ Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը նշեց, որ Առաքելական եկեղեցին միասեռականության շուրջ պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել, բայց Աստվածաշունչը հստակ ասում է, որ դա մեղք է. «Դրա պատճառով կործանվեցին Սոդոմը եւ Գոմորը: Դա անբնական եւ մերժելի երեւույթ է եւ որոշ մարդկանց հնարավորություն է տալիս, ասենք, խուսափել զինվորական ծառայությունից»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031