Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւան-Ջրի» նախկին աշխատակիցները տնօրինության «լեւի» գործերը ջրի երե՞ս են հանում

Մայիս 16,2012 17:09

«Երեւան-Ջուրը» փողերի լվացում է անում: Այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեցին ընկերության արդեն նախկին «Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինության» աշխատակիցները: Տնօրինության նախկին տնօրեն Միքայել Դավթյանը Aravot.am-ի հետ զրույցում փակագծերը բացեց, թե կոնկրետ ինչպե՞ս է կատարվում փողերի լվացումը. «Ջրի կորստի ծավալը երբ ուզում՝ 85% են գրում, երբ ուզում` 82 են դարձնում: Մարդիկ սաունա, բաղնիք, լողավազաններ են աշխատեցնում, հսկայական ծավալի ջուր են օգտագործում, իրական ծախսը կազմում է, ասենք, 100 հազար դրամ, բայց տանում են 10 հազարն են մուծում: Մնացած գումարը «Երեւան-Ջուրը» դնում է իր գրպանը ու ներկայացնում, իբր ջրի կորուստ է եղել: Մենք տեսանկարահանել ենք, որ Պռոշյան սովխոզում 1 կիլոմետրի վրա ջրի լեւի գիծ են բացել ու ձուկ են պահել, դրա մասին նաեւ ակտ ենք կազմել»: Աշխատակիցներից մեկը «փողերի լվացման» մեկ այլ օրինակ էլ բերեց: Ըստ նրա՝ Աջափնյակ համայնքում երկու 14 հարկանի շենքերի 105 բնակիչները տարիներով «Երեան-Ջրի» բաժանորդ չեն եղել, բայց ջուր օգտագործել են: Այսինքն՝ ինչպես պարզաբանեց նախկին աշխատակիցը, բնակիչները ինչ-որ մեկին ջրի վարձ տվել են, բայց դա ընկերության անմիջական բյուջե չի մտել, այլ ինչ-որ մեկի գրպանն է գնացել:

Վերահսկողության տնօրինության աշխատակիցների բացահայտումների համար էլ, ըստ աշխատակիցների, իրենց կառույցը ղեկավարությունը փակեց եւ մեկ օրում 40 աշխատողներին աշխատանքից ազատեց:

Նախկին աշխատակիցների պատմելով` ընդամենը մեկ ամսում իրենց բաժինը մոնիթորինգի արդյունքում մոտ 5300 ապօրինի ջրամատակարարման դեպքեր է բացահայտել, որի արդյունքում միլիոնների եկամուտ են բերել ընկերության բյուջե: Նրանց խոսքերով, «Երեւան-Ջրի» գլխավոր տնօրենին առաջարկել են տարբերակներ՝ ջրի կորուստները նվազեցնելու ու ջրամատակարարումը բարելավելու համար, սակայն տնօրինությունը հաշվի չի առել:

«Երեւան-Ջրի» «Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինության» նախկին աշխատակիցների փաստաբան Տիգրան Հայրապետյանի ներկայացմամբ էլ, հայցով դիմել են դատարան` աշխատանքից ազատելու եւ պարապուրդի գումարը չվարձատրելու համար: Փաստաբանի խոսքերով` առաջին ատյանը մերժել է գործը քննել, որից հետո դիմել են Վերաքննիչ դատարան:

Ասուլիսին ներկա «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով էլ` «Մեր քաղաքի ջրամատակարարման զարգացման դինամիկան ոչինչ չի ասում, կորուստները չեն նվազում: Այս պահին հանրային հանձնաժողովում հայտը 2 դրամով թանկացնելու քննարկումն է: Ջրի սակագինը, ըստ պայմանագրի, 144 դրամից պետք է աճեր մինչեւ 2009 թիվը եւ դրանից հետո նվազեր եւ հասներ 95 դրամի: 2009 թիվը անցել է, մենք էլի խոսում ենք թանկացման մասին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031