ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանի կարծիքով՝ ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին ոչ մի պայմանով չեն փոխի: «Բացարձակապես ոչ մեկին չեմ տեսնում վարչապետի աթոռին, որովհետև մեր երկրի ներկայիս վարչապետը ձեռնտու է բոլոր միջազգային կառույցներին, և մեր երկրի իշխանություններին: Այն հսկայական վարկերը, որոնք մեր երկրին տալիս են միջազգային կառույցները` որոշ հիմնադրամների միջոցով , դա ձեռնտու է միջազգային կազմակերպություններին, որովհետև սրանք կոնկրետ տեխնոլոգիաներ են, որոնք որ կիրառվում են երրորդ աշխարհի պետությունների դեմ. տալիս են վարկեր, քաջ գիտակցելով, որ այդ վարկերը ծառայելու են վերնախավի հարստացմանը, և ազգաբնակչության կենսամակարդակի անկմանը: Եվ եթե թվերով դուք նայեք, կտեսնեք, որ վերջին տարիների ընթացքում մեր կենսամակարդակը ավելի իջել է , իսկ իշխանությունների` էլիտայի մակարդակը բարձրացել է»:
Ըստ ԳԱԼԱ-ի սեփականատիրոջ, այս մեթոդները կիրառվում են այն երկրներում, որոնցից շահ են հետապնդում, ասենք նավթի կամ այլ հումքի ակնկալիք ունեն: Մեր այն հարցին , թե մեր երկրից ի՞նչ շահ ունեն, պարոն Խաչատրյանն այսպես մեկնաբանեց. «Մեզանից էն շահը կա, որ էս տարածաշրջանը լինի վերահսկողության տակ, չեմ ուզում շատ խորանալ այդ հարցերի մեջ, որովհետև դրանք գլոբալ հարցեր են և իմ ուսումնասիրության տեսադաշտում չեն, բայց մեր տարածաշրջանը բավականին հետաքրքիր է, կոնֆլիկտ կա էստեղ` ժամանակին հրահրված, որը պահվում է որպես մահակ այս կամ այն պետության գլխին: Իսկ գերտերությունները շահագրգռված չեն, որ այդ կոնֆլիկտը լուծվի: Դրա համար էլ այս իշխանությունն ու այս վարչապետը պաշտպանության տակ են միջազգային հզոր կառույցների կողմից»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ