Հունիսի 20-ին լրանում է «Արարատ 73» լեգենդար թիմի եւ նախկին ԽՍՀՄ հավաքականի հարձակվող Էդուարդ Մարգարովի ծննդյան 70-ամյակը: Այդ առիթով, անշուշտ, կկազմակերպվեն հոբելյանական հանդիսություններ, որոնց, սպասվում է, բազմաթիվ հյուրերի մասնակցություն` Մոսկվայից, Կիեւից եւ Թբիլիսիից: Երեւան կժամանեն անվանի ֆուտբոլիստներ, որոնց հետ ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես է եկել Մարգարովը եւ որոնց դեմ «Արարատ» թիմում նա պայքարել է Խորհրդային Միության առաջնություններում եւ ԽՍՀՄ գավաթի խաղարկություններում:
Ակնկալվում է, որ այդ օրերին Երեւանում «Արարատի» եւ ԽՍՀՄ հավաքականի վետերան ֆուտբոլիստների միջեւ ընկերական հանդիպում կանցկացվի: Ընդ որում, հյուրերի թիմն ամենայն հավանականությամբ կգլխավորի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը:
Aravot.am-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանից հետաքրքրվեց, որ եթե ԽՍՀՄ վետերանների հավաքականը կազմավորվի եւ ժամանի Հայաստան, խաղը որտե՞ղ կկայանա: «Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, քանի որ «Հրազդանում» այդ ժամանակ հիմնանորոգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ կլինեն», – պատասխանեց Ա. Մանուկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև