Ընտանեկան բռնությունը միտումնավոր արարքների մի ամբողջ շղթա է, որով ընտանիքի մի անդամը մյուսի հանդեպ վերահսկողություն հաստատելու նպատակով հարկադրում է նրան կատարել իր ցանկությունները եւ թելադրում իր կամքը: Ըստ մասնագետների հետազոտությունների, Հայաստանում յուրաքանչյուր երրորդ կին ենթարկվում է բռնության` հոգեբանական, ֆիզիկական եւ սեռական: Կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելմանն էր ուղղված երեկ երեկոյան Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կազմակերպված «Ռոքն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» խորագրով ռոք-համերգը` «The Beautified Project» խմբի մասնակցությամբ: Այն կազմակերպել էր Կանանց իրավունքների կենտրոնը` ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց համերգին ներկա ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, դեսպանատունը հետաքրքրված է կանանց իրավունքների պաշտպանության հարցով. «Մեր ուշադրության կենտրոնում են ընտանեկան բռնություններին վերաբերող խնդիրները, այդ ասպարեզում անելիք կա, այդ իսկ պատճառով փորձում ենք դաշինք ստեղծել նրանց միջեւ, ովքեր կաշխատեն ոչ միայն կանանց, այլեւ երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ»: Դեսպանը հավելեց, որ նախաձեռնությունը կօգնի բարձրացնել հասարակության իրազեկվածության աստիճանը, մանավանդ, երբ հանդես է գալիս սոցիալական խնդիրներին անդրադարձող «The Beautified Project»-ը: Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Հատկապես ռոքն ենք ընտրել, քանի որ այն իր բնույթով ըմբոստ է»:
«The Beautified Project»-ի անդամներից Առլեն Շավերդյանը Aravot.am-ին հայտնեց, որ համերգի ընթացքում հնչելու են իրենց երրորդ ձայնասկավառակի մեջ ներառված 3 նոր ստեղծագործություն. «Ընտրել ենք մեր հիթային կատարումները»:
Խմբի մենակատար Անդրե Սիմոնյանն էլ ընդգծեց. «Հաճելի է համագործակցել ԱՄՆ դեսպանատան հետ, որը ուշադրություն է դարձնում կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին: Առաջին անգամ ենք աշխատում Կանանց իրավունքների կենտրոնի հետ եւ հուսով ենք` ոչ վերջին»:
Կարդացեք նաև
Նշենք, որ Կանանց իրավունքների կենտրոնը հունիսին նախատեսում է եւս երկու ակցիա իրականացնել, որոնցից մեկը` Սիրահարների այգում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ