ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը տեղեկություններ չունի, թե արդյոք DIY ակումբի վրա օրեր առաջ հարձակում գործած Արամեն ու Համբիկը ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ Թաթուլ Օհանյանի թոռնե՞րն են:
Իսկ թե ինչու են Դաշնակցության անդամներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը 1 միլիոն դրամ գրավ մուծել ու ազատել այդ երիտասարդներին, պարոն Հովհաննիսյանը Aravot.am-ին այսպես բացատրեց. «Արծվիկ Մինասյանի ու Հրայր Կարապետյանի որոշումը մասնավոր բնույթ է կրում ու որեւէ քաղաքական նշանակություն չունի: Ընդհանրապես կարելի է չսիրել հոմոսեքսուալներին ու միեւնույն ժամանակ չսիրել նրանց դեմ տեռորիստական գործողությունները: Ապուշություն է մեղադրել Հրայր Կարապետյանին ու Արծվիկ Մինասյանին հատուկ ջերմություն զգալու մեջ»:
Արծվիկ Մինասյանի այս քայլը պարոն Հովհաննիսյանը պայմանավորեց նաեւ նրանով, որ 5 տարի Ազգային ժողովում պարոն Մինասյանը պայքարել է, որ օրենքով ամրագրվի՝ կալանավորումը լինի միայն ծայրահեղ դեպքերում. «Բայց սա այդ ծայրահեղ դեպքը չէ. ի դեպ այս կարծիքը ես կիսում եմ: Արծվիկ Մինասյանն ինչ արել է՝ առաջ էլ է արել. դիմումներ է ներկայացրել կալանավորվածների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է DIY ակումբի սեփականատեր Ծոմակի հայտարարությանը, թե իրենց ձեռքի տակ եղած փաստերը տանում են նրան, որ ակումբը պայթեցնողների թիկունքում դաշնակցականներն են կանգնած՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Առաջարկում եմ, եթե նրանք այդպիսի փաստեր ունեն, թող վազեվազ գնան դատարան ու մեզ դատի տան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ