Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թիվ մեկ հայազգի հաքերը խոցել էր Կասպերսկու հատուկ ծրագրերի լաբորատորիան

Մայիս 16,2012 16:13

Լուսանկարում՝ հաքերի դեմ մեղադրանքը պաշտպանող դատախազ Հովսեփ Սարգսյանը

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր լսվեց հաքեր Գեորգի Ավանեսովի նկատմամբ հարուցված քրեական գործը:

«Այս գործն աշխարհում էլ իր նախադեպը չունի: Միգուցե համակարգչային հանցագործություններ կատարվում են, բայց այսպիսի գործ Հայաստանի Հանրապետության դատարաններում առաջին անգամ է»,- վերաբերմունքը չթաքցրեց մեղադրանքը պաշտպանող դատախազ Հովսեփ Սարգսյանը:

Մինչ դատական վիճաբանությունների փուլում դատախազի մեղադրական ճառը լսելը, դատարանը համաներում կիրառեց Գ.Ավանեսովին առաջադրված Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների կապակցությամբ եւ դադարեցրեց նրա նկատմամբ քրեական հետապնդումը:

Քրեական օրենսգրքի 253 հոդվածի 2-րդ մասով՝ համակարգչային սաբոտաժ, համաներում կիրառելու դեմ առարկեց դատախազը, ավելին, նա միջնորդեց 5 տարվա ազատազրկում Գեորգի Ավանեսովի նկատմամբ:

Դատախազն ասաց, որ Ավանեսովը կատարել է մի արարք, որին առնչվում են բազմաթիվ երկրներ: Նա պնդեց, որ Ավանեսովը ստեղծել է համակարգչային հատուկ «Տրոյան» անունով ծրագիր, որի միջոցով՝ հարուցիչներով խոցել է համակարգչային պաշտպանված կայքերը: Մասնավորապես, 59 միլիոն օգտատերերի կայքեր էր մտել, 194 կայքեր շարքից դուրս հանել, տարածել 341 հատ հատուկ հարուցիչներ: Մասնավորապես նշվեց այս գործով տուժող ճանաչված Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի, Կասպերսկու համակարգչային հատուկ ծրագրերի լաբորատորիայի, ՌԴ մշակույթի նախարարության «Կուլտուր.Ռու» կայքերը: Նախաքննության փուլում տուժողները հայտնել էին, թե Գ.Ավանեսովին չեն ճանաչել եւ մուտքի իրավունք նրան չեն տրվել:

Դատախազը ասում էր, որ Ավանեսովի գործունեության պատճառով տուժող գերատեսչությունների գործարար համբավն է վնասվել, կայքերի հաճախորդների տվյալների պաշտպանվող գաղտնիությունը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Նա ծանր հետեւանք ասելով՝ նկատի ուներ հետեւյալը. «Բարեբախտաբար, օդում ինքնաթիռ չի ընկել, մարդկային զհեր չեն եղել»: Այսինքն՝ մեղադրողը հնարավոր հանցագործությունն էր համարում ծանր հետեւանք:

Դատախազը չբացառեց տուժող ճանաչված արտերկրի հնարավոր հայցերը, նա ասաց, որ Նիդեռլանդների Թագավորությունն է հետաքրքրված այս գործով, եւ նախաքննությունն իրականացրած քննիչն ու դատախազը գործուղվել են Նիդեռլանդներ, գործի հանգամանքներին ծանոթանալու համար:

1987թ. ծնված Գեորգի Ավանեսովը բավականին հանգիստ էր իրեն պահում, նիստին հետեւում էին նրա մի քանի ընկերները:

Դատախազն ասաց, որ Ավանեսովը մտավոր հնարավորությունները պետք է օգտագործեր ոչ թե մարդկանց դեմ, այլ մարդկանց օգտին. «Ի վերջո, եթե դու տիրապետում ես համակարգչին, ապա դա պետք է անել ոչ թե որ մարդիկ տուժեն, այլ օգտվեն»:

Ավանեսովը նախկինում եղել է դիջեյ, աշխատել է ակումբներում:Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցված տվյալներն էլ՝ «Ժոռա տեռոր», համապատասխանել են նրա տվյալներին:

Պաշտպանական ճառին պատրաստվելու համար Ավանեսովի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանը խնդրեց 1 օր ժամանակ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031