Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Հարությունյան. «Սպասում են նախագահի մեսիջին»

Մայիս 16,2012 16:04

«Ես չեմ հիշում որեւէ համապետական ընտրություն, որից հետո մեկ շաբաթից ավելի «լռության օր» լիներ»,- այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի «Ընտրամարտ» շարքի վերջին հանդիպման ժամանակ ասաց լրագրող Հարություն Հարությունյանը:

Բանն այն է, որ ինչպես նախորդ շաբաթ, այս շաբաթ էլ «Ընտրամարտին» հրավիրված էին ընտրությունների արդյունքում նվազագույն շեմը հաղթահարած եւ ԱԺ անցած բոլոր կուսակցությունները, սակայն նրանք չէին եկել` իրենց բացակայությունը, ինչպես նախորդ շաբաթ, բացատրելով «լռության օրով»:  Այդ իսկ պատճառով, եթե նախորդ շաբաթ կուսակցությունների փոխարեն հրավիրվեցին ԱԺ ընտրություններին որպես դիտորդ մասնակցած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ապա այժմ կուսակցությունների փոխարեն ընտրամարտի մասնակիցները լրագրողներն էին` Հարություն Հարությունյանը, Թաթուլ Հակոբյանը եւ Դերենիկ Մալխասյանը:
Պարոն Հարությունյանը այս «լռության օրերը» բացատրեց հետեւյալ կերպ. «Կարծում եմ նրանք բոլորն էլ սպասում են երկրի առաջին դեմքի` նախագահի մեսիջին, որը գտնվում է ՌԴ-ում»: Պարոն Հարությունյանի այս խոսքերին հաջորդեց «Ընտրամարտը» վարողի` Արամ Աբրահամյանի հարցը` ո՞ր երկրի` մե՞ր, թե՞ Ռուսաստանի: Պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ, այնուամենայնիվ, մեր երկրի:
Նա  նաեւ ասաց, որ չի ընդունում ժողովրդին այս ընտրությունների համար մեղադրելը.«Մեղավոր են բոլոր կուսակցությունները: Վատ պարողին ժողովուրդն է խանգարում: Ժողովուրդը մեղավոր չէ»:
Ըստ Հարություն Հարությունյանի` ընտրությունների վերջում հասկանալի դարձավ, որ բացարձակապես անիմաստ էր քարոզարշավ կազմակերպելը, բեմեր դնելը, երգիչներ բերելը, գյուղեգյուղ, քաղաքե-քաղաք գնալը, նախընտրական ծրագրեր գրելը, տեխնոլոգներ հրավիրելը եւ այլն: «Այդ ամենի վրա գումար ծախսելու փոխարեն, ընդամենը հարկավոր էր փողը պահել եւ վերջին օրը ճամպրուկով  դնել մի տեղ, այնպես, ինչպես ես տեսա մի տեղամասի մոտ, եւ ուղղակի բաժանել: Այս ձեւով շատ հանգիստ կարելի էր հաղթահարել 5%-ի շեմը, եթե մի քիչ ավելի շատ բաժանես` 10%, 20%, ավելի շատ բաժանողները` 50-60% ձայն կհավաքեին»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031