ԱԻՄ-ը նախընտրական փուլից ամիսներ առաջ հայտարարել էր, թե Հայաստանում ընտրություններ չեն լինելու, իրենք էլ չեն մասնակցելու: Այս մասին այսօր հիշեցրեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «ԱԻՄ-ականների մի մասը ժողովրդի որոշ հատվածի ճնշման տակ որոշեց, որ եթե միջոցառում է լինելու, իրենք էլ մասնակցեն, բայց տեսանք սարսափելի բան՝ ամբողջ հասարակությունն է փչացած: Բոլորը գումարի են սպասում, դարձել են կաշառակեր»,- նշեց Հայրիկյանը, շարունակելով, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղի ունեցավ հետեւյալը. «Սերժ Սարգսյանը առաջիկա 5 տարում դարձավ դրության տերը, եթե, իհարկե, որեւէ բան չպատահի նրա հետ: Մեկ այլ անհատ՝ Ռոբերտ Քոչարյանը, որ երազում էր չդառնալ երիտասարդ թոշակառու, մեկ անգամ եւս համոզվեց, որ ինքը ուրիշ բան չունի անելու, լավագույնն իր համար թոշակառու լինելն է կամ, եթե իրավիճակը փոխվի, անակնկալ լինի, նա կարող է իրեն դրսեւորել: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա ես անձամբ մեծ ներդրում եմ արել ներկայացնելու նրա հնարավորությունները, եւ մոտավորապես կիսով չափ կարողացա կրճատել այն՝ ինչ ինքը կարող էր ստանալ, որովհետեւ մարդկանց պետք է հիշեցնել ճշմարտությունը: Մեր երրորդ հայտնի դեմքը, որը ճակատագրի բերումով առաջին նախագահ է կոչվում, հասկացավ, որ իր երգը երգված է»,-հավելեց Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդի ձեւակերպմամբ՝ Սերժ Սարգսյանն առաջիկա 5 տարիների համար իր դիրքերը կայունորեն ամրապնդել է: Եվ նախագահական ընտրություններն այլեւս ոչ մի նշանակություն չունեն, քանի որ, եթե նախագահ դառնա ցանկացած որեւէ մեկը, միեւնույն է՝ Սերժ Սարգսյանն է մնալու դրության տերը, որովհետեւ պառլամենտական մեծամասնությունն է սահմանադրությամբ որոշում ամեն ինչ, իսկ պառլամենտական մեծամասնությունը, որն ունի Սերժ Սարգսյանը, դա ապահովում է նորընտիր նախագահի պաշտոնազրկման հնարավորությունը:
Հայրիկյանը նշեց, որ այս ընտրություններում «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն ապացուցեցին, որ իրենք կայացած միավոր են. «Չեմ ասում կուսակցություն, ասում եմ միավոր, քանի որ կուսակցությունն ինձ համար այլ հասկացություն է: Ինչ վերաբերում է այն ցանկությանը, որ ասում էին, թե Լեւոն Տեր- Պետրոսյանը մի 2000 հոգու համար բարեկեցիկ կյանք է ապահովելու՝ ձախողվեց»:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչպիսի Ազգային ժողով կունենանք այս անգամ՝ Հայրիկյանը հայտնեց, որ մասնավոր խոսակցության ժամանակ Սերժ Սարգսյանն իրեն ասել է, թե չի արգելի գործարարների մուտքը խորհրդարան, եւ, որ ինքը պատասխանատու է միայն իր համամասնականի համար:
Վիկտոր Դալլաքյանի խորհրդարանում չլինելու վերաբերյալ էլ ասաց՝ երբ Վիկտորն էր խորհրդարանում, իսկ Հայրիկյանը՝ ոչ, նա չէր անհանգստանում, որ իր «քաղաքական հայրիկն» այնտեղ չէ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ