Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը DIY ակումբի վրա վերջին օրերի հարձակումները պայմանավորում է ներքին քաղաքական իրավիճակով: «Ինչո՞ւ սեռական փոքրամասնությունների հարցը բորբոքվեց ընտրություններից 2 օր անց , իսկ Մաշտոցի այգու պուրակում արձանագրված հաղթանակից մեկ շաբաթ հետո»,- այսօր այս հարցերն էր «Հայելի» ակումբում բարձրացնում կառավարման փորձագետը: Ասուլիսից հետո պարոն Մեսրոպյանը Aravot.am-ին ասաց, որ համոզված է ՝ պայթյունները ընդդիմության կամ իշխանության քաղաքական պատվերն էին. «Ո՞ւմ է ձեռնտու, որ չբարձրացվի ընտրությունների համատարած տապալումը, ո՞ւմ է ձեռնտու կոծկել, որ աղքատությունը մի քանի անգամներով աճում է… այս հարցերին եթե նայենք՝ կամաց-կամաց դուրս կգանք մի շարք հարցերի պատասխաններին: Իմ կարծիքով՝ ոչ միայն իշխանությունների , այլեւ այն մարդկանց, որոնք ուզում են ցույց տալ, թե ընդդիմություն են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ