ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ընդամենը երեք տարվա կենսագրություն ունեցող Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սպորտում դոպինգի դեմ պայքարի» մրցույթի հաղթող: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրամն այս անգամ շուրջ $20 հազար է հատկացրել Հայաստանի հակադոպինգային կազմակերպությանը: Ծառայության պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այդ գումարը տրամադրվելու է կազմակերպության աշխատանքների կատարելագործմանը, համապատասխան փաստաթղթերի ստեղծմանը, Հայաստանի հակադոպինգային կազմակերպության հեղինակության բարձրացմանը եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն: Իսկ գլխավոր նպատակը «ISO 9001» կարգի հավաստագիր ստանալն է: Մինչեւ այժմ աշխարհում միջազգային այդ հավաստագրին արժանացել է ընդամենը 20 երկիր: Արեգ Հովհաննիսյանը հատուկ նշել է նաեւ, որ իրենց աշխատանքների հաջողության, ծրագրերի իրականացման գործում չափազանց մեծ է ՀԱՕԿ-ի աջակցությունը:
«Առավոտ» օրաթերթ