Գվատեմալայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի առաջին մասնակիցը՝ 69 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, երկամարտի 396 կգ արդյունքով գրավեց 10-րդ հորիզոնականը:
«Aravot..am»-ն արդեն տեղեկացրել է, որ Անդրանիկը երկու վարժություններում ընձեռված երեքական հնարավորություններից ընդամենը մեկական արդյունավետ մոտեցում է կատարել՝ պոկումում ցույց տալով 136 կգ, հրումում՝ 160 կգ:
Անկեղծ ասած, Անդրանիկ Կարապետյանից մենք ավելին էինք սպասում: Խնդրո առարկայի շուրջ «Առավոտը» զրուցեց հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ:
– Պարոն Խաչատրյան: Պատանի հայ ծանրորդի գրաված 10-րդ տեղը գոհացնո՞ւմ է ձեզ:
Կարդացեք նաև
– Եվ այո, եւ՝ ոչ: Այո, որովհետեւ նա առաջին անգամ էր հանդես գալիս այդ քաշային կարգում, այն էլ՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում: Մի մոռացեք, որ տղան ընդամենը 16 տարեկան է: Անդրանիկը Գվատեմալայում փորձել է թարմացնել պոկում վարժության աշխարհի պատանիների ռեկորդը՝ 143 կգ, որը չի ստացվել: Դժգոհ եմ այն բանի համար, որ Անդրանիկն այստեղ մարզումների ժամանակ բարձրացնում էր 136+ 160 կիլոգրամ: Այնպես որ, եթե նա իր պատվիրած բոլոր քաշերը բարձրացներ, տեղ կզբաղեցներ պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին: Կրկնում եմ, այն էլ իրենից մեկ աստիճան բարձր տարիքային խմբի մրցակիցների հետ պայքարում:
– Եթե կարողանար: Բայց չստացվեց…
– Անդրանիկն իսկապես տաղանդավոր եւ բնությունից օժտված ծանրորդ է: Իրականում նա չի ձախողվել եւ արել է այն, ինչի ընդունակ էր: Մի մոռացեք նաեւ, որ պատանեկան տարիքում առաջին անգամ երիտասարդների աշխարհի առաջնությանը մասնակցելը հոգեբանական մեծ ծանրաբեռնվածություն է: Բայց այս տարի, կարծում եմ, նա դեռ կհասցնի իր խոսքն ասել:
– Էլի՞ մրցումների պետք է մասնակցի:
– Օգոստոսին՝ Ռումինիայում Եվրոպայի, իսկ մեկ ամիս անց Սլովակիայում՝ աշխարհի պատանիների առաջնություններն են, որոնց նա մասնակցելու է նույն քաշային կարգում: Սպասենք:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Գվատեմալայում մեր երկրորդ մասնակիցը՝ գերծանր քաշային Գոռ Մինասյանը, մրցահարթակ մտնելու է մայիսի 18-ին:
«Առավոտ» օրաթերթ