Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ ներկայումս հանրապետության 10 000 բնակչին բաժին է ընկնում բուհերում սովորող 340 ուսանող, որը բավականին բարձր ցուցանիշ է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ արեւմտյան կրթական շուկայում: Բայց տնտեսական առումով արդյո՞ք արդյունավետ են օգտագործվում համալսարանական ռեսուրսները՝ ես կասեի, որ ոչ: Ավելին՝ մեր բուհերի գերակշիռ մասը անգամ լուրջ ուշադրություն չի դարձնում կրթական ծառայությունների մատուցման տնտեսագիտությանը եւ հիմնականում լուծում է «ինքնագոյատեւման» եւ ոչ թե տնտեսական զարգացման խնդիրներ:
Ներկայումս հանրապետության բուհերում աշխատող պրոֆեսորադասախոսական անձնակազմի թվաքանակը կազմում է շուրջ 8900 մարդ, այն դեպքում, երբ ընդհանուր առմամբ բուհերում սովորում է 111 000 ուսանող: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ եվրոպական բուհերում մեկ դասախոսին բաժին է ընկնում շուրջ 25 ուսանող, իսկ ԱՄՆ-ի այն համալսարաններում, որտեղ մատուցվում է հեռավար ուսուցում, այդ ցուցանիշը հասնում է մինչեւ 50-ի: Կարծում եմ՝ մեր հանրապետության համար ուղղակի «տնտեսական շռայլություն» է միջին հաշվով մեկ դասախոսին 12 ուսանող հարաբերակցությունը, որը վկայում է բուհերում պրոֆեսորադասախոսական անձնակազմի գերհագեցածության մասին: Վիճակը առավել մտահոգիչ է պրոֆեսորադասախոսական անձնակազմ եւ վարչական աշխատողներ հարաբերակցության առումով: Հանրապետության շատ բուհեր կարծես սոցիալական, այլ ոչ թե կրթական խնդիրներ են լուծում՝ իրենց հաստիքակազմի շուրջ 25-30%-ը հատկացնելով կրթական ծառայությունները կառավարող եւ սպասարկող անձնակազմին: Արդյունքում՝ համալսարանների բյուջեի ծախսային մասի երեք քառորդից ավելին հատկացվում է միայն աշխատավարձի վճարմանը, իսկ մնացած մասն էլ հարկերին եւ այլ վերադիր ծախսերին: Բնականաբար, այս պայմաններում դժվար իրագործելի է դառնում ուսանողության շարժունության իրագործման, միջազգային բուհերում դասախոսների վերապատրաստման, նորագույն կրթական տեխնոլոգիաներով բուհերի համալրման ծրագրերի ֆինանսավորումը:
Ի դեպ, հարկերի մասին: Արդեն մի քանի տարի է, որ հանրապետության պետական բուհերը ընդգրկվում են խոշոր հարկատուների ցանկում եւ հայտնվում են զանազան «գրուպների եւ հոլդինգների» կողքին: Այս փաստը վկայում է բարձրագույն կրթության ծառայությունների մատուցման նկատմամբ ոչ արդյունավետ հարկային քաղաքականության մասին, քանզի կարծում եմ, որ պետական ոչ առեւտրային կազմակերպություն հանդիսացող բուհերը, որոնք շահույթ չեն հետապնդում եւ չեն զբաղվում գործարարությամբ, պետք է հնարավորինս թեթեւացնեն իրենց հարկային բեռը եւ խնայված հարկային միջոցները վերաուղղեն կրթական ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը:
Կրթական ծախսերի արդյունավետության բարձրացման ուղի է հանդիսանում նաեւ օպտիմալացման գործընթացը, որի մասին շատ է խոսվում, բայց դեռեւս արդյունքը չի երեւում: Միջազգային կրթական շուկայում ակնառու է օպտիմալացման գործընթացը, երբ համալսարանները տարբեր սկզբունքներով միավորվելով, բացառում են միմյանց կրկնող ամբիոնները, մասնագիտությունները, ներբուհական կառավարման ստորաբաժանումները, դրանով իսկ տրամադրելով միացյալ ավարտական դիպլոմներ, խնայելով հսկայական վերադիր ծախսեր, հեշտացնելով ուսանողների շարժունությունը եւ ակադեմիական կրեդիտների փոխանակումը, եւ ի վերջո՝ բարձրացնելով կրթական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը:
Ժամանակն է, որ մեր բուհերը լրջորեն զբաղվեն կրթության տնտեսագիտությամբ:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր,
պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ