Պարուհի եւ դիզայներ Մարինա Ավետիսյանի դիտարկումները
Ժամանակին գրեթե բոլոր թատրոններն ունեին իրենց կարի արհեստանոցները, որտեղ աշխատում էին հատուկ պատրաստվածություն ունեցող դերձակներ: Բազմամարդ ստեղծագործական խմբերի համար (երգչախմբեր, նվագախմբեր) գործում էին առանձին ատելյեներ: Ժամանակի ընթացքում այդ արհեստանոցները վերացան կամ մասամբ պահպանվեցին, իսկ թատրոններն էլ սկսեցին համագործակցել հագուստի մոդելավորման դիզայներական կենտրոնների հետ, որոնք, ըստ էության, ամենեւին էլ «թատերական» չեն: Այսուհանդերձ, դիզայներական կենտրոնների եւ նման արհեստանոցների համագործակցությունը շարունակվում է:
«Առավոտը» ամենամեծ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից (մոտ 600 աշխատակից, որից շուրջ 350-ը՝ արտիստներ) հետաքրքրվեց, թե, օրինակ, վերջին պրեմիերաների՝ Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի, Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ», Ռավելի «Բոլերոյի», Վիվալդիի «Տարվա եղանակներ» շարքից «Գարուն» բալետների հագուստները որտե՞ղ են ստեղծվել: Մեզ հայտնեցին, որ դրանք ծնունդ են Marina Fashion Studio-ի: Հանդիպումը վերջինիս տնօրեն Մարինա Ավետիսյանի հետ մեզ անակնկալի բերեց: Նրան հիշեցինք իբրեւ պարուհի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլից, ավելին՝ Մարինան առաջինն էր, ով 1990-ականների սկզբներին հիմնեց «Մարինա դանս շոու» խումբը եւ «Աստաֆյան» գիշերային ակումբում, մինչ ստրիպտիզը՝ նրա հեղինակած ծրագրերով էին անցկացվում երկու ժամանոց շոուները: Մեր զրուցակիցն ասաց, որ երկու մասնագիտությունները՝ պարուհի եւ դիզայներ, ձեռք է բերել Բաքվում: Այնտեղ ավարտելով խորեոգրաֆիկ ուսումնարանը՝ ամուսնացել է, ապա ընդմիշտ կյանքը կապել հայրենիքի հետ: Իբրեւ պարուհի 20 տարի հանդես է եկել Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլում, հանդիսացել նաեւ «Հայհամերգի» մենապարուհի:
«Հեռանալով բեմից, 7 տարի առաջ հիմնեցի Marina Fashion Studio-ն՝ այսպես «օգտագործելով» երկրորդ մասնագիտությունս: Թիմս մեծ չէ. «աջ ձեռքս»՝ ձեւարար Օլգա Մարգարյանը, ութ կարող վարպետ եւ մեկ հոգի, ով զբաղվում է գլխարկների եւ տարբեր աքսեսուարների մասով: Սիրով համագործակցում եմ Ազգային օպերային թատրոնի, Սարյանի անվան օպերային ստուդիայի, Երգի-պարի եւ «Գոհար» անսամբլների, ինչպես նաեւ անհատ արվեստագետների հետ: Մեզ մոտ էսքիզները հագուստի են վերածվել նաեւ Մոսկվայի, Սոչիի, Օրենբուրգի պարային խմբերի համար»,- հայտնեց Մարինա Ավետիսյանը: Հետաքրքրվեցինք՝ թատերական նկարիչներից ո՞ւմ հետ է նախընտրում աշխատել: Դիզայները տվեց Աստղիկ Ստեփանյանի, Ռուբինա Հովհաննիսյանի եւ Արաքսի Քուչուկյանի անունները:
Դիտարկմանը, թե մեր օրերում նորաձեւության ոլորտում՝ նույնիսկ բեմում զգացվում է դասականի ու ժամանակակից ոճերի խառնուրդ, Մարինան համակարծիք լինելով՝ նշեց, թե դա անխուսափելի է, սակայն բեմը մնում է բեմ եւ անթույլատրելի է «դրսի» հագուստով ներկայանալ հանդիսատեսին: Դիզայները չի ընդունում նաեւ վերջին շրջանում դասական երգիչների ներկայանալը, ասենք, սմոքինգի եւ բոթասի «խառնուրդով»: Շարունակելով՝ հայտնեց, որ եթե երգիչը շատ է ուզում ժամանակակից երեւալ, կարող է սմոքինգի հետ ընդամենը մեկ էլեմենտով կամ աքսեսուարով «ջարդել» դասականի խիստ ոճը: Հարցրինք, թե մեր շոու-բիզնեսի ո՞ր ներկայացուցիչն է իր հագուկապով գոհացնում իրեն եւ գործող մոդելյորներից ո՞ւմ կառանձնացնի: «Կար ժամանակ, երբ հիացած էի Արմինկայի զգեստներով: Այսօր տպավորված եմ Լիլիթ Հովհաննիսյանի եւ Անահիտ Սիմոնյանի բեմական հագուստով, իսկ մոդելյորներից կառանձնացնեմ Արեւիկ Սիմոնյանին եւ դիզայներ-ոսկերիչ Նուռին»,- պատասխանեց Մարինա Ավետիսյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ