Լրահոս
Օրվա լրահոսը

Մի նախապատրաստվող նյութի պատմություն

Մայիս 16,2012 13:44

Մայիսի 6-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների օրը, եղել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբերից մեկի հետ: Այդ օրը՝ ժ.13-ին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի թիվ 27/13 ընտրական տեղամասից, թե Ռազմական ոստիկանության մի աշխատակից բաց քվեարկություն է անում: Պաշտպանի գրասենյակի երկու իրավաբանների հետ գնացել ենք նշված տեղամաս: Սակայն նշյալ Ռազմական ոստիկանության աշխատակիցը չի եղել: Փոխարենը…րոպեներ հետո աղմուկ է եղել, մոտեցել եմ Հրաչ անունով մի քաղաքացու, որն ասաց, թե իր անվան-ազգանվան դիմաց ստորագրել է մի այլ քաղաքացի: Հեռախոսով Զովունիից թելադրել եմ այդ լուրը եւ այն ժ.14.08-ից «Aravot.am»-ում տպագրված է: Այսինքն՝ կար ժամանակ կատարվածը ճշտելու, այդ թվում՝ միջոցներ ձեռնարկելու, ինչու չէ, կատարված միջոցառումների մասին էլ լրատվամիջոցին տեղեկացնելու համար:

Ընտրություններն ավարտվել են: Ընտրություններից երկու օր հետո ինձ լուրի կապակցությամբ հեռախոսով զանգել է հանձնաժողովի նախագահ Արշակ Պետրոսյանը, որն ասել է, թե նշված թերությունը վերացվել է նույն օրը, որ քաղաքացու փոխարեն ստորագրածին կանչել են տեղամաս, «նրա տեղն» էլ իր ձայնը պահանջող քաղաքացին է ստորագրել:

Սակայն լրատվությունն ուշացած համարելով՝ մենք այդ մասին չենք տպագրել:

«Լուրեր» էլեկտրոնային կայքը «Հոդվածում մատնանշված հանգամանքները չեն համապատասխանել իրականությանը» վերնագրով մայիսի 14-ին, ժ. 19.43-ին լրատվություն էր «բաց թողել»:

Տեղեկացվում է, որ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012թ. մայիսի 6-ին՝ ժամը 10: 30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Մինասյանը գնացել է թիվ 27/13 ընտրատեղամաս եւ մասնակցել ՀՀ ԱԺ ընտրություններին:

«Ժամը 15: 30-ին նույն ընտրատեղամաս է այցելել նաեւ Հրաչ Պողոսյանը, ով ընտրացուցակում ստորագրելու ժամանակ հայտնաբերել է, որ իր անվան դիմաց արդեն իսկ ստորագրել են: Վերջինս պարզաբանում է պահանջել հանձնաժողովի անդամներից: Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընտրացուցակներում 899-րդ հերթական համարի տակ գրանցված Հայկ Մինասյանը սխալմամբ ստորագրել է նույն ընտրացուցակի 900-րդ համարի տակ ընդգրկված Հրաչ Պողոսյանի անվան դիմաց»: Ուշադրություն դարձրեք մեր լրատվության ժամին եւ պաշտոնական ժամին:

«Ընտրատեղամաս է հրավիրվել Հայկ Մինասյանը, ով հաստատել է ընտրացուցակում Հրաչ Պողոսյանի անվան դիմաց սխալմամբ ստորագրելու հանգամանքը: Ընտրացուցակում ճշտումներ եւ այդ մասին նշումներ կատարելուց հետո Հրաչ Պողոսյանը մասնակցել է քվեարկությանը»:

Ի դեպ, 27/13 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Քերոբ Դավթյանն էլ իր բացատրության մեջ նշել էր, որ թե Հայկ Մինասյանի եւ թե Հրաչ Պողոսյանի քվեարկելու ժամանակ ցուցակներում նշումներն ինքն է կատարել, տեղի ունեցածը թյուրիմացություն է, որն էլ տեղում շտկվել է:

Բացատրություններ են տվել նաեւ Հայկ Մինասյանը, 27/13 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արարատ Արշակյանը, նույն հանձնաժողովի նախագահ Արշակ Պետրոսյանը եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչ Հայկ Ալեքսանյանը, ով հայտնել է, որ ընտրակեղծիքներ տեղի չեն ունեցել, ինքը որեւէ լրատվամիջոցի, այդ թվում՝ նաեւ «Aravot.am» կայքին հաղորդագրություն չի տվել: Հրաչ Պողոսյանը հայտնել է, որ իր ընտրական իրավունքը չի խախտվել. «տեղի ունեցածը շփոթմունք է, որն էլ տեղում շտկվել է»:

«Aravot.am» կայքում հրապարակված «Ականատես եղանք ուրիշի փոխարեն քվեարկության» վերտառությամբ հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Տեղեկացնեմ, որ թե ինձ, որպես հրապարակման հեղինակի, թե Պաշտպանի գրասենյակի երկու իրավաբաններին չեն հրավիրել ոստիկանություն, անգամ հարկ չեն համարել, պաշտոնական գրությամբ, տեղեկացնել մեզ՝ քրեական գործի նյութերը մերժելու որոշման մասին:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031