Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, համաձայնեք, ամենածանրաբեռնվածն է մնացյալ բոլոր դատարաններից: Այստեղ են հիմնականում ընթանում հնչեղ քրեական, քաղաքացիական գործերով դատական նիստերը, իսկ դատարանը պետք է յուրաքանչյուր վայրկյան պատրաստ լինի հնարավոր բոլոր վիճակներին:
Դատարանը, չնայած դատաքննական լարվածություններին, պատրաստ է պատասխանել լրատվամիջոցների հարցերին, նաեւ՝ օժանդակել նրա գործունեությանը:
Դատական կարգադրիչների աշխատանքը համակարգում է կապիտան Արթուր Փիլոյանը:
Կարդացեք նաև
Երեկ մեր հարցին, թե որտեղ են գտնվում վկաները՝ դատական նիստերի ժամանակ, նա ցույց տվեց վկաների համար նախատեսված սպասասրահը: Այնտեղ ոչինչ չկա, բացի աթոռներից ու սեղանից, ապահովված է վկաների անվտանգությունը, ավելին՝ որեւէ մեկը չի կարող ազդել վկաների վրա մինչ նիստերի դահլիճ հասնելը:
«Առավոտին» նաեւ հետաքրքրում էր, թե որտեղ են պահվում մեղադրյալները, կալանավորվածները մինչ դահլիճ բերվելը:
Կապիտան Ա. Փիլոյանը մեզ ցույց տվեց նրանց 6 խցերը. «Ամեն առավոտ մենք ուղեկցողներին հանձնում ենք խցերը, արձանագրվում է, եւ աշխատանքային օրն ավարտվելուն պես մենք ընդունում ենք խցերը: Այնտեղ, տեսնում եք, ոչինչ չկա: Այստեղ նաեւ նկարվում է»: Ի դեպ, լուսանկարում պատկերված խցի պատկերն այսպիսին էր. զուգարան, ջուր, աթոռ եւ՝ ճաղավանդակ:
Շենքի առաջին հարկում մնացել է եւս 3 խուց, որոնք վերականգնման կարիք ունեին: Այն խոսակցությունները, թե խցերը «արտոնյալ» վիճակում են, կան կապի միջոցներ, իրականում այդպես չէր:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ