«Առավոտի» մայիսի 12-ի՝ «Ազատամարտիկին բացիկով հա՛մ շնորհավորում են, հա՛մ տունը քանդո՞ւմ» հրապարակմամբ անդրադարձել էինք Նոր Նորքի Գյուլի Քեսյան 29 հասցեում գտնվող ազատամարտիկ Ավետիս Խաչատրյանի կիսակառույցին, որը քաղաքապետարանը հրահանգել էր քանդել: Խնդիրն այն է, որ ազատամարտիկը շինթույլտվություն չէր ստացել, բայց որպեսզի ընտանիքը չմնար դրսում, առանց համապատասխան փաստաթղթերի որոշել էր մի փոքրիկ կացարան կառուցել եւ պարբերաբար դիմել է այն սեփականացնելու խնդրանքով: Հրապարակման մեջ նաեւ նշել էինք, որ մայիսի 12-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր ընդունել Ավետիս Խաչատրյանին եւ խնդիրը քննարկել:
Երեկ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առավոտին» վստահեցրին, որ Շուշիի ազատագրման եւ ղարաբաղյան պատերազմի 20-ամյակի կապակցությամբ Տարոն Մարգարյանը ընդունելություն է կազմակերպել բազմաթիվ ազատամարտիկների համար, որոնց թվում եղել է նաեւ Ավետիս Խաչատրյանը. «Քաղաքապետի հանձնարարականով ապօրինի շինության տարածքը ուսումնասիրվել է եւ որոշվել, որ այն հարմար է բնակելի տուն կառուցելու համար»: Ազատամարտիկի գրավոր դիմումից հետո, ըստ քաղաքապետարանի, ամեն ինչ արդեն օրինական է, եւ կառուցապատման թույլտվության գործն ընթացքի մեջ է:
Հրապարակման մեջ նաեւ գրել էինք, որ Ավետիս Խաչատրյանի մարտական ընկերները 10 օրից ավելի իրենց ընկերոջ կիսակառույցը հսկում էին, որպեսզի քաղաքապետարանի աշխատակիցներն այն չքանդեն: Ավետիս Խաչատրյանն ու նրա ընկերները՝ Երկրապահ կամավորականների միության Նոր Նորքի անդամները, Տարոն Մարգարյանին շնորհակալություն հայտնեցին ազատամարտիկին ընդառաջելու համար:
«Առավոտ» օրաթերթ