Սա ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի գնահատականն է ՀՅԴ-ին, «Ժառանգությանը» եւ ՀԱԿ-ին
Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանին միշտ հուզել է այն հարցը, որ «բոլոր կուսակցություններն ընդդիմություն են խաղում»: Բայց մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական շրջանում ծավալված զարգացումներն անգամ զարմացրել են ընկեր Թովմասյանին: Երեկ այդ առիթով «Առավոտի» հետ զրույցում ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարն ասաց. «Ես Արմեն Ռուստամյանին շատ եմ հավանում՝ իր հավասարակշռվածությամբ, գրագետ խոսքով, կիրթ, բայց անցյալ օրն այդ ընդդիմադիր կուսակցությունների միասնական շտաբում նա հայտարարում է, որ մանդատներն իրենք վերցնում են, որպեսզի ավելի բյուրեղանան եւ առաջ գնան: Ուրեմն իր գոյության 120-ից ավելի տարիներին ՀՅԴ-ն չի՞ բյուրեղացել, առաջ չե՞ն գնացել… Իրենց լուրջ ընդդիմադիր համարող կուսակցությունները, որոնք մի կերպ հինգ տոկոս են հաղթահարում, կորցնելով այդքան տեղեր եւ իմանալով, որ դա կեղծիքի արդյունք է՝ համաձայնում են գնալ ԱԺ: Երեք հոգով գնացիք՝ ի՞նչ պիտի անեք: Կամ՝ «Ժառանգությունը»՝ սարեր էին շարժելու, Մասիսը համարյա թե դարձել էր մերը… ախր, չի կարելի ժողովրդին խաբել: Բոլորը խաբում էին՝ օգտվելով սոցիալիստական գաղափարախոսությունից: Ասեք մարդկանց ճշմարտությունը՝ ի՞նչ եք տվել այս 22 տարում, ի՞նչ եք ստեղծել ու զարգացրել, քան Սովետական Հայաստանում էր, ավելի շատ մա՞րդ եք բերել Հայաստան, քան այն ժամանակ էին դրսից գալիս: 60-70 միլիոնով ծախսեցին քարոզարշավի վրա, ցփնեցին աջ ու ձախ, իսկ Հովհաննես Թումանյանի տունն առնելիս փող չունեին: Որովհետեւ գիտեին, որ չեն կորցնում. ինչ որ ծախսեցին՝ գռփելու են մարդկանց, մաշկահան են անելու ու ետ բերեն: Բոլորը խոստումներ շռայլեցին: Տեսնենք՝ մեկ տարի հետո դրանց քանի՞ տոկոսը կկատարեն»: Ելնելով այս իրողություններից՝ ընկեր Թովմասյանը միակ իրական եւ արմատական ընդդիմությունը համարում է Կոմկուսին: Մնացյալին համարում է «հովհարային ընդդիմադիրներ», որոնց իշխանությունները երբ ցանկանում՝ միացնում են, երբ ցանկանում՝ անջատում են:
«Առավոտի» դիտարկմանը՝ նույնիսկ առաջին նախագահի ղեկավարած դաշի՞նքը ընդդիմադիր չեք համարում, մեր զրուցակիցը հակադարձեց. «Առաջին հերթին նրանց չեմ համարում, եւ դա ցույց տվեցին իրենց իսկ հետագա քայլերը: Մի հարցազրույցում ես ՀԱԿ-ին անվանեցի «հայ ազգային կատակերգություն»: Այդպես էլ եղավ. այդ կատակերգությունն էր, որ հեղինակազրկեց մյուս ընդդիմություններին, իր վրա վերցրեց ողջ պատասխանատվությունը, իսկ այսօր բռնել է քայքայման ճանապարհը: Այդ դաշինքից ազնիվ մարդիկ, բացառությամբ առաջին նախագահի, զիջում են իրենց դիրքերը, եւ ովքե՞ր են գալիս՝ նախկին ՀՀՇ-ականները: Ի՞նչ են տալու: Ո՞նց են թոշակն 90 հազար դարձնելու, բյուջեն էլ միանգամից լցնելու: Եթե իրենց ծախածն են ետ բերելու՝ այլ հարց»: Մեր զրուցակիցը հղում անելով Կոմկուսի նախընտրական ծրագրին՝ հիշեցնում է, որ իրենք նախատեսում էին, այսպես ասած, անդրադարձ կատարել ՀՀՇ-ի իշխանության օրոք տեղի ունեցած բոլոր «ռեֆորմներին», որոնց արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ միլիոններ կուտակեցին՝ «թալանելով սովետական տարիներին ժողովրդի կուտակած հարստությունը»:
Այս ամենում Հայաստանի թիվ մոկ կոմունիստին ավելի զայրացնում է, որ՝ «Հիմա էլ բոլորը չքմեղ են դարձել, ամեն ինչ բարդում են ժողովրդի վրա՝ փողը վերցրին, ընտրեցին… Համաձայն եմ: Բա դուք ինչո՞ւ եք էդ փողով ընտրված պատգամավորը դառնում: Որ գնաք՝ էնտե՞ղ էլ ինչ-որ դերասանություն անեք: Ո՞վ է ձեզ լսելու, ո՞վ է ձեզ բանի տեղ դնելու: Ի՞նչ եղավ այս տարիների ընթացքում՝ ավազակապետությունից ջարդելով եկան, ու ամեն ինչ մնաց իր տեղում: Հիմա էլ «Համբոյի տունը կռիվ է ընկել»,- զայրացած վրա է բերում մեր զրուցակիցը՝ նկատի ունենալով այն, որ ՀԱԿ-ից հեռանում են կենսագրություն եւ վաստակ ունեցող մարդիկ:
Կարդացեք նաև
Միաժամանակ, մեր զրուցակիցը չի արդարացնում նաեւ հասարակության այն շերտին, ովքեր ընտրություններին մասնակցեցին միայն կաշառքով. «Ի՞նչ հոգս հոգացիք այն 5-10-15 հազար դրամով, որ վերցրիք ընտրությունների օրը: Անվճար առողջապահության հա՞րց, երեխայի ուսման վա՞րձ… գոնե երկու ծաղիկ կարողացա՞ք գնել եւ այցելել հարազատների գերեզմանին: Հիմա ինչպե՞ս եք զգում ձեզ»: Այս հարցերն ուղղելով «ձայն վաճառած» ՀՀ քաղաքացիներին՝ ընկեր Թովմասյանը նաեւ նկատում է, որ իշխանությունն օգտվեց առիթից եւ իր իսկ ստեղծած պայմանների արդյունքում ստրկացած, հուսալքված ու բարոյալքված ժողովրդի հաշվին կրկին փորձեց իր համար բարիքներ քաղել. «Այս խայտառակ վիճակը ապացույցն է, որ այն համակարգը, որը շահագործում է ժողովրդին, ստրկացնում, մղում է արտագաղթի՝ երկար գոյատեւել չի կարող: Աշխարհի «լավագույն» երկրներում տեսեք, թե ինչ է կատարվում. ոչ պատերազմով, ոչ կեղծիքներով այդ համակարգն այլեւս չեն կարողանում պահել: Ժողովուրդն արթնացել է եւ իր փրկությունը տեսնում է սոցիալիստական համակարգում»:
Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀԿԿ-ում չեն ընդունում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ վստահ լինելով, որ իրենք ավելի շատ ձայներ են հավաքել: Իսկ ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական արդյունքները ընկեր Թովմասյանն անվանում է «կեղծված թվերի հրապարակում»:
Ռուբեն Թովմասյանին խնդրեցինք նաեւ մեկնաբանել հայաստանյան քաղաքական դաշտում ստեղծված այն իրավիճակը, երբ թեեւ ՀՀԿ-ն մեծամասնություն է, այնուհանդերձ, հետագա քաղաքական զարգացումները պայմանավորված են ԲՀԿ-ի կողմնորոշմամբ: Կախված նրանից, թե որ ուժերի հետ իր ճանապարհը կշարունակի ԲՀԿ-ն, պարզ կլինի, թե ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել: Այս առիթով ընկեր Թովմասյանը մեկնաբանություններից զերծ մնաց՝ երկու կուսակցությունների խնդիրը թողնելով իրենց: Միայն ասաց. «Յուրաքանչյուր կուսակցություն ինքն ունի իր մարտավարությունը եւ ծրագրերը: Այո, թեեւ ՀՀԿ-ն հաղթած կուսակցություն է, բայց աչքն էլի ետեւում է, որովհետեւ սրտում վախ կա, կրնկակոխ հետեւում են, իսկ առաջիկայում բավականին լուրջ քաղաքական գործունեություն պետք է ծավալեն: Ինչպես ասում են՝ «օրը կգա, բարին հետը»: Ժամանակը կգա, եւ բոլոր ստորգետնյա ջրերը դուրս կգան»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ