Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանն իրերն էր հավաքում

Մայիս 16,2012 13:05

Նա ափսոսում էր, որ շատ ծրագրեր եւ օրենսդրական նախաձեռնություններ կիսատ մնացին

Կիրակի օրը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Երեկ «Առավոտն» Ազգային ժողովում էր, որտեղ հետընտրական անդորր էր: Միայն հատուկենտ պատգամավորների կարելի էր հանդիպել միջանցքներում կամ իրենց աշխատասենյակներում: Մենք փորձեցինք փոքրիկ դիտարկում անցկացնել՝ պարզելու համար, թե ընտրություններին այլեւ չմասնակցած եւ կամ դրանց արդյունքում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով առաջադրված նախկին եւ արդեն չընտրված պատգամավորները շարունակո՞ւմ են արդյոք զբաղեցնել իրենց աշխատասենյակները, թե՞ սկսել են կամաց-կամաց հավաքել իրերը: Պատգամավորների, այդ թվում՝ նոր գումարման խորհրդարան չանցած նախկին պատգամավորների աշխատասենյակների դռները կողպած էին: Այդուհանդերձ, նկատեցինք, որ նրանցից մեկ-երկուսի աշխատասենյակի ցուցանակներն արդեն հանվել էին: Իր աշխատասենյակի վրայից հանված էր մասնավորապես ԱԺ նախկին նախագահ եւ ապա անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանի անուն-ազգանունով ցուցանակը, Արա Աբրահամյանի եղբոր՝ Արմեն Աբրահամյանի ցուցանակը:

Խորհրդարանի իր աշխատասենյակում հանդիպեցինք «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նոր գումարման ԱԺ չանցած Անահիտ Բախշյանին. նա եկել էր իրերը հավաքելու եւ մի անկյունում կուտակել էր անցած 5 տարիների ընթացքում իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների թղթապանակները՝ նրանք, որոնք ընդունվել էին, որոնք ներառվել էին դեռ գործող խորհրդարանի նստաշրջանում կամ անգամ քառօրյա նիստերի օրակարգում, բայց այդպես էլ չքննարկվեցին: Մեր հանդիպման պահին նա իր համակարգչի վրա, ինչպես ինքը խոստովանեց, այդ պահին իր ապրումներն էր նոթագրում: Հարցրինք, թե ի՞նչ զգացողություններ ունի, ի՞նչ է ծրագրում ապագայի համար:

«Լավ տրամադրությամբ եկել էի իրերս հավաքելու եւ հավաքում եմ, նայում եմ՝ ո՞րը տանեմ, ո՞րը թողնեմ: Ձեռքս չի գնում թափեմ, բայց ի՞նչ անեմ այսքանը. 12 թղթապանակ այստեղ է, դեռ պահարանում էլ կան: Ամեն մի թղթապանակի բովանդակության վրա աշխատել ու հոգի եմ դրել՝ հատկապես կրթության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող խնդիրներում:

Շատ եմ ցավում, որ հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների օրինագիծը, որի վրա 2 տարի աշխատել եմ հանրակրթության ոլորտի ջատագովների թիմի հետ, որով ներառական կրթությունը Հայաստանում պետք է հայտարարվեր, եւ այդ օրինագծի հեղինակն է կառավարությունն ու Անահիտ Բախշյանը, բայց հիմա չգիտեմ, թե ով պետք է խորհրդարանում պաշտպանի այդ նախագիծը: Այն ներառված էր վերջին քառօրյայի օրակարգում»,- ասաց տիկին Բախշյանը: Մեր դիտարկմանը, թե՝ իր կարծիքով «Ժառանգության» համամասնական ցուցակով խորհրդարան անցած իր գործընկերներից ո՞վ կարող է համալրել գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովն ու պաշտպանել եւ առաջ տանել իր այդ եւ այլ օրենսդրական նախաձեռնությունները, Բախշյանն այսպես արձագանքեց. «Մեր խմբակցության մեջ որեւէ մեկն այդ պրոֆեսիոնալիզմը չունի, իսկ մյուս խմբակցություններից չգիտեմ, թե ով է լինելու կրթության ոլորտի այն գիտակը, որն այդ օրենքը կպաշտպանի՝ հենց այն տրամաբանությամբ, որը դրված է այդ օրինագծի հիմքում: Շատ կուզեի, որ այդ շատ կարեւոր եւ համարձակ օրենքն ընդունվեր, եւ որեւէ շեղում, որեւէ զիջում չարվեր:

Հիմա շատ եմ ցավում, որ այս մի գործը կիսատ եմ թողնում եւ ուրախ կլինեմ, եթե որեւէ խմբակցության մեջ լինի մեկը, ով այս օրինագծով առաջարկվող փոփոխությունների գիծը ճիշտ կտանի, չի կռի եւ չի հարմարեցնի իշխանություններին: Սա շատ կարեւոր է»: Տիկին Բախշյանին հարցրինք՝ մնացած թղթապանակներն ի՞նչ է անելու: «Տանելու եմ ավտոտնակի դարակներում պահեմ, ի՞նչ անեմ: Դրանց ծավալն այնքան մեծ է, որ տանը այդքան տեղ չունեմ: Անշուշտ, ես շարունակելու եմ կրթության ոլորտով զբաղվել»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը՝ մեր հարցադրմանն ի հավելումն ասելով, թե առայժմ իրեն նոր աշխատանքի առաջարկներ չեն եղել. «Ոչ, ոչ մի առաջարկ չի եղել: Իշխանությունը հո ինձ պաշտոն չի՞ առաջարկելու: Ցավոք, այսօր մարդու գործունեության գնահատականը քաղաքական է, ոչ թե մասնագիտական: Իսկ այս պահին կրթության ոլորտի քաղաքականության համար պատասխանատուն ՀՀԿ-ն է: Իսկ համագործակցություն ՀՀԿ-ի հետ ես չեմ պատկերացնում»:

Բախշյանն ասաց, թե դպրոց էլ վերադառնալ չի կարող, որովհետեւ եթե գնար, ապա միայն որպես տնօրեն, բայց շուտով 65 տարեկան կդառնա, եւ դպրոցի տնօրեն, ըստ օրենքի, այլեւս չի կարող լինել: «Ամեն դեպքում շատ ծրագրեր կիսատ մնացին: Գլխիս մեջ այնքան նախագծեր կային»,- ասաց Բախշյանը:

Հարցրինք նաեւ, թե, իր կարծիքով, «Ժառանգության» կողմից ընտրողի ընտրությանը ներկայացված համամասնական ցուցակը ռացիոնա՞լ կամ ճի՞շտ էր ընտրված: «Եթե հիմա ասեմ, որ ճիշտ չէր՝ կստացվի, որ անձնական խնդիր եմ բարձրացնում: Բայց եթե անձնականը դնենք մի կողմ, ես շատ ափսոսում եմ, որ իմ գործընկերները խորհրդարանում չեն լինելու: Եկեք այդ մասին չխոսենք. մեր նոր խմբակցությունը կգա եւ կաշխատի: Այնպես, ինչպես 5 տարի առաջ մեր հասարակությունը մեզ չէր ճանաչում որպես պատգամավորների, բայց հետո սկսեց ճանաչել, գուցե մեր գործընկերներն էլ հաջորդ 5 տարիներին ավելի հետաքրքիր քայլեր կանեն, նոր որակ կբերեն «Ժառանգությանն» ու Ազգային ժողովին: Կապրենք՝ կտեսնենք»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031