Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վաբշե» թող գան

Մայիս 16,2012 12:47

Դիտորդների հարցում ընդդիմության դիրքորոշումը ինձ համար մինչեւ վերջ պարզ չէ: Ընտրություններից առաջ նրանք եւ մենք բոլորս, կարծես թե, ուզում էինք, որ ընտրությունների ժամանակ որքան հնարավոր է շատ արտասահմանցի դիտորդ գա՝ հնարավոր ընտրախախտմները կանխելու համար: Ընտրություններից հետո ընդդիմության ներկայացուցիչը հանրահավաքի ժամանակ խոսելով տարբեր երկրներից ժամանած դիտորդների մասին՝ բացականչում է՝ «թող վաբշե չգան»: Եկեք կողմնորոշվենք, թե ինչն է մեզ համար առավել կարեւոր՝ որ դիտորդները վերահսկե՞ն ընտրությունների օրինականությունը, թե՞ որ նրանք հետո գրեն ընդդիմությանը ձեռնտու եզրակացություն: Իմ տպավորությամբ՝ առաջինն ավելի իրատեսական է, քան երկրորդը, եւ հենց ընդդիմության վստահված անձինք են փաստում, որ արտասահմանցիների ներկայությունը տեղամասերում զսպող դեր է խաղում իշխանությունը ներկայացնող կեղծարարների համար: Իսկ շատ խիստ, դատապարտող, ընտրությունները անվավեր ճանաչող զեկույց ակնկալելն անիմաստ էր. մենք ունեցել ենք շատ ավելի վատ ընտրություններ, որոնց մասին դիտորդները գրել են շատ ավելի լավ տեքստեր: Նախորդ բոլոր ընտրություններում բռնությունների, կրակոցների, մի անգամ նույնիսկ՝ քվեարկության ժամկետը հընթացս երկարացնելու ֆոնի վրա այս վերջին՝ «խաղաղ կեղծարարության» արդյունքները չճանաչելը միջազգային հանրության կողմից կլիներ պարզապես անարդար:

«Վաբշե մի եկեք» կոչը, բոլոր դեպքերում, պետք է ընկալել որպես էմոցիոնալ պոռթկում: Ընդհակառակը՝ միջազգային կառույցների մասնակցությունը մեր ընտրություններին պետք է հնարավորինս ընդլայնել: Քանի որ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը ներկայացված են 5-րդ գումարման ԱԺ-ում, նրանք շատ բաների մասին կարող են պայմանավորվել: Մասնավորապես, խոսքը կարող է լինել այն մասին, որ գալիք նախագահական ընտրությունները ոչ թե վերահսկվեն, այլ հենց կազմակերպվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից: Օրինակ՝ բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների նախագահը լինի հենց այդ կառույցից, իսկ հանձնաժողովների անդամները խորհրդարանում հավասար իրավունքներով ներկայացված 6 խորհրդարանական ուժերից: ԱԺ-ն կարող է նաեւ օրենքներ ընդունել ընտրություն կատարած քաղաքացիների ցուցակը հրապարակելու, ընտրացուցակները ստուգելու եւ մաքրելու մեխանիզմների մասին, ինչպես նաեւ՝ խստացնել պատիժները ընտրակաշառք վերցնելու եւ տալու համար՝ դասելով դա պետության դեմ հանցագործությունների շարքին:

Բայց ամենակարեւորը ընդունելն է, որ մենք առայժմ չենք կարող անցկացնել նորմալ ընտրություններ՝ Հայաստանում կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ են ամեն գնով նպաստել իշխանության վերարտադրությանը, ինչպես նաեւ  հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր, ըստ էության, անտարբեր են ընտրությունների ելքի նկատմամբ: Խոստովանել ընտրություններ անցկացնելու մեր անկարողությունը ամոթ բան չէ: Չէ՞ որ մենք չենք ներմուծում, օրինակ, երդվյալ ատենակալների ինստիտուտը: Ինչո՞ւ: Որովհետեւ Հայաստանում «ատենակալության թեկնածու» անձանց մեծ մասը երդվելու է Աստվածաշնչի վրա՝ լինել արդար, եւ հետո դրժելու է իր երդումը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031