Ասում է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը
– Կոնգրեսի անունից պաշտոնապես քիչ հնչող մեկնաբանությունների ֆոնին, այն կապակցությամբ, որ մի քանի քաղաքական գործիչներ պատրաստվում են լքել Կոնգրեսը, կամ սկսել են լքել Կոնգրեսը, հատկապես իշխանական
լրատվական դաշտը ողողված է նույնաբովանդակ լուրերով ու մեկնաբանություններով, որը ներկայացվում է «Կոնգրեսը փլուզվում է» քողի ներքո։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս ամենը։
– Այս բոլոր խոսակցությունները սնվում են միայն իշխանական քարոզչամեքենայի կողմից։ Նրանք իսկապես անհանգստացած են այն հանգամանքով, որ այսօրվանից ԱԺ¬ում գործելու է մարտականորեն տրամադրված, որեւէ կապանքներով չզսպված, ամբողջ ճշմարտությունը ասելու պատրաստ ընդդիմություն։ Եվ մինչեւ այդ նստաշրջանի սկիզբը նրանք ամեն ինչ անելու են Կոնգրեսը քայքայված կամ թուլացած ներկայացնելու, նրա շուրջը վհատության մթնոլորտ ստեղծելու համար։ Իրականում Կոնգրեսը երբեք այսքան ուժեղ եւ կազմակերպված չի եղել, եւ դա առաջին հերթին այն բանի շնորհիվ, որ ԱԺ-ի մեծամասնական ընտրություններին 37 թեկնածու կարողացավ առաջադրել, որոնք ամենուրեք ձեւավորեցին իրենց թիմերը, ակտիվ ընտրարշավ տարան Հայաստանի բոլոր քաղաքներում, գյուղերում եւ համայնքներում, տեղերում դարձան ավելի ճանաչելի, ձեռք բերեցին նոր համախոհներ։ Մենք արդյունքում ունենք ընտրական բովով անցած մարտունակ թիմ։ Բնականաբար, ԱԺ ընտրությունները մի բնական հանգրվան են, որից հետո քաղաքական ուժերը հաշվարկում են իրենց հետագա ծրագրերը եւ մշակում են նոր ռազմավարություն, իսկ որոշ քաղաքական ուժեր էլ, հատկապես նրանք, ովքեր այս ընթացքում իրենց քաղաքական դիրքերը թուլացած են համարում, կփորձեն նոր ճանապարհներ փնտրել։ Սա բնական ընթացք է։ Բայց սա համարել Կոնգրեսի փլուզում՝ առնվազն հիմարություն կլինի։ Կոնգրեսն իրականում հզորացել է, Կոնգրեսը նոր, թարմ, երիտասարդ ուժեր է ներգրավել այս քաղաքական պայքարի մեջ, բայց բնական եմ համարում նաեւ, որ որոշ քաղաքական ուժեր զուտ իրենց կուսակցական շահերի տեսակետից իրենց թուլացած են համարում եւ փորձում են շտկել իրավիճակը։
Կարդացեք նաև
– Այս օրերին նույն պրոիշխանական լրահոսը ողողված է մեղադրանքներով, թե 2007-ի ընտրություններից հետո ներկայիս Կոնգրեսի կազմում գտնվող որոշ գործիչներ մեղադրել են «Ժառանգությանը» այն բանի համար, որ վերցրել են մանդատները եւ այդպիսով լեգիտիմացրել ԱԺ-ն, մինչդեռ ահա, ըստ այդ հրապարակումների, Կոնգրեսը նույն բանն է անում, եթե վերցնում է կեղծված ընտրությունների արդյունքում ստացած մանդատները։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս մեղադրանքները։
– Ինձ հայտնի չէ Կոնգրեսի որեւէ ներկայացուցիչ, որը նման մեղադրանք է ներկայացնում։ Այստեղ ես նորից տեսնում եմ իշխանության անհանգստությունը, նրանք փորձում են իբր թասիբի գցել մեզ, որ մենք հրաժարվենք մանդատներից, կամ էլ ցանկանում են իրենց կեղծված ընտրությունները լեգիտիմացնել այսքան տարօրինակ ճանապարհով, նրանով, որ մենք գնում ենք ԱԺ, սա համարում են իրենց կեղծիքների լեգիտիմացման միջոց։ Իրականում այդ տրամաբանությունը որեւէ քննադատության չի դիմանում: Մեր մանդատները ամբողջությամբ օրինական են եւ հիմնված են ժոդովրղի անկեղծ աջակցության, ոչ թե կեղծիքների, ընտրակաշառքի կամ ահաբեկման վրա։ Այդ իրենց մանդատներն են, որ օրինական չեն։
– Պարոն Զուրաբյան, որո՞նք են լինելու Կոնգրեսի առաջիկա անելիքները, արդյո՞ք կարելի է սպասել Կոնգրեսի ռազմավարության կամ կառուցվածքային
փոփոխությունների։
– Արդեն ասացի, որ ԱԺ ընտրությունները լրջագույն հանգրվան են ցանկացած քաղաքական ուժի համար, առավելեւս, այնպիսի դաշինքի համար, ինչպիսին Կոնգրեսն է: Բնականաբար, գալիս է չորս տարվա մեր փորձը ամփոփելու, վերլուծելու մի ժամանակաշրջան, եւ ես շատ բնական եմ համարում, որ կլինեն ինտենսիվ քննարկումներ, թե ինչպես է պետք վերակառուցել Կոնգրեսը, որ որպես Հայաստանի առաջատար քաղաքական ուժ, այն համապատասխանի նոր քաղաքական իրավիճակի եւ. ժամանակի պահանջներին։ Տարբեր տեսակի առաջարկներ արդեն հնչել են, բայց կարծում եմ, որ լրջագույն քննարկումները դեռ առջեւում են։ Մի բան ակնհայտ է՝ Կոնգրեսում այսօր մեծ դեր են ստանձնել երիտասարդ, անկուսակցական, թարմ մոտեցումներ ունեցող ուժերը, եւ սա կարելի է միայն ողջանել եւ նպաստել դրա զարգացմանը։ Միգուցե կգտնվեն կազմակերպական նոր ձեւեր, որոնք հնարավորություն կտան քաղաքական պայքարում ընդգրկված առավելագույն ակտիվ մարդկանց ավելի մեծ դեր ստանձնել որոշումների կայացման եւ կառույցների կազմակերպման գործում։ Ես այս ընթացքում չեմ բացառում նաեւ, որ Կոնգրեսը կհամալրվի նոր, թարմ, երիտասարդ ուժերով, եւ Կոնգրեսից դուրս կգան հոգնած, սպառված, հին կարծրատիպերով առաջնորդվող, համաշխարհային այսօրվա քաղաքականության զարկերակը չզգացող ուժերը։
Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ
«Չորրորդ իշխանություն»