Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ երեկոյան 18- 18:30 ընկած ժամանակահատվածում մի խումբ երիտասարդներ կրկին հարձակում են գործել Երևանի Փարպեցի փողոցի վրա գտնվող DIY ակումբի վրա: Նրանք այրել են ակումբի դռներին փակցված «Ոչ ֆաշիզմին» եւ «Ձեր պայթուցիկներն ինձ չեն վախեցնում» պաստառները, որոնք փակցրել էր ակումբի տնօրինությունը:
Ակումբի սեփականատեր Արմինե Օգանեզովան՝ Ծոմակն Aravot.am-ին պատմեց, որ երիտասարդներին անձամբ է բռնացրել հանցանքի վայրում. նրանք եղել են 16-18 տարեկան: «Նոր ահաբեկչություն էին կազմակերպել. Խարույկ էին վառել մուտքի մոտ, թքել էին տարածքում, թափել սիգարետների մնացուկները: Նրանք եւս մեկ անգամ ապացուցեցին, որ ֆաշիստական խմբի անդամներ են ՝ անընդհատ հայլ Հիտլեր էին ասում: Նրանց հետ մի քիչ լեզվակռիվ տալուց հետո ասացի, որ զանգահարում եմ Ոստիկանություն, ով որ քաջ է թող մնա. նրանցից միայն երկուսը մնացին, մնացածը փախան»:
Ա. Օգանեզովայի պատմելով, երկու երիտասարդները ոստիկանություն են բերման ենթարկվել եւ ցուցմունք տվել: Նա ասաց, որ դեռ չգիտի, երիտասարդներին բա՞ց են թողել, թե՞՝ ոչ. «Այդ երկու երիտասարդների ծնողները ոստիկանություն էին եկել, ու նրանց հետ երկար զրուցեցինք, պատմում էին, որ իրենց տղաները նույնիսկ դասերից են շատ բացակայում եւ ինչ-որ միտինգների են գնում: Տղաներից մեկի մայրն էլ պատմեց, որ ավագ որդին փոքր եղբորը, որը մի տարեկան է ՝ հայ Հիտլեր ու նման արտահայտություններ է սովորեցնում: Ոստիկանություն տարված երկու երիտասարդներն էլ սոցիալապես անապահով ընտանիքից էին»:
Կարդացեք նաև
Նշենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին հայտնել են, որ DIY ակումբի վրա երեկ հարձակում չի եղել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ