Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեխաները խաղում են՝ խաղալու համար, իսկ ի՞նչ են մտածում այդ մասին ծնողները

Մայիս 16,2012 11:52

Գույնզգույն արջուկներ ու շնիկներ, նորաձևության վերջին նմուշներով հագնված տիկնիկներ, մուլտֆիլմերի ծանոթ հերոսներ, մեքենաներ ու ատրճանակներ. այս ու այլ խաղալիքները երեխաների անբաժան ընկերներն են, որոնց փոքրիկները տրամադրում են իրենց ժամանակի մեծ մասը:

Հոգեբաններն ասում են, որ խաղալիքները միայն երեխաներին զբաղեցնելու միջոց չեն, դրանք, ըստ էության, փոքրիկներին սեփական որոշումներ կայացնելու առաջին հնարավորություններն են ընձեռում: Խաղալիքները մեծահասկների ձեռքի տակ եղած գործիքների փոքրացված մոդելներ են, որոնք նպաստում են երեխայի մտավոր, խոսքային ու սոցիալական ֆունկցիաների զարգացմանը: Օրինակ` զանազան տիկնիկների ու կենդանիների հետ խաղը նպաստում է շփման կուլտուրայի ձևավորմանը, իսկ լեգոներն ու մոզայիկաները զարգացնում են մտածողությունը:

Մասնագետները կարծում են, որ երեխաների խաղը նպատակաուղղված չէ. նրանք ուղղակի խաղում են խաղալու համար: Մինչև 4-5 տարեկանը, այսինքն` մինչև սեռական առանձնահատկությունների դրսևորումը, բոլոր երեխաներն էլ նույն խաղալիքներով են խաղում, իսկ դրանից հետո իր դերն է խաղում սեռային պատկանելությունը. աղջիկները խաղում են տիկնիկներով, իսկ տղաները` ատրճանակներով ու մեքենաներով: Խաղալիքների հետ երեխաները դերային խաղի մեջ են մտնում` կրկնելով ու նմանակելով այն ամենը, ինչ տեսնում են իրական կյանքում: Զարգացման մանկաբույժ Իրինա Թովմասյանն ասում է, որ հաճախ երեխային դուր են գալիս այն իրերն ու առարկաները, որոնք նա տեսնում է մեծահասակների ձեռքերում: «Բոլորովին էլ պարտադիր չէ երեխայի համար գնել թանկարժեք խաղալիքներ, տվեք նրան մի երկու աման ու բաժակ, տեսեք, թե ինչ մեծ հաճույքով է նա դրանց հետ խաղում»:

Երեխաների համար խաղալիք ընտրելիս, պետք է հաշվի առնել, որ այն կարող է ազդել երեխայի բնավորության ձևավորման վրա: Հոգեբան Մերի Վարդանյանը նշում է, որ երեխան հեշտությամբ կրկնօրինակում է խաղալիքների արտահայտած վիճակը: Օրինակ` ագրեսիվ խաղալիքի հետ երկարատև շփվելը կհանգեցնի նրա մոտ ագրեսիայի դրսևորմանը: Երեխային պետք է պարզ գույների մեջ մեծացնել, ահա թե ինչու մուգ գույնի խաղալիքներ խորհուրդ չի տրվում:

«Երեխային չարի կերպարներով խաղալիքներ կարելի է տալ միայն որոշակի տարիքից հետո,- ասում է Մերի Վարդանյանը,- երբ երեխան տարբերում է բարու և չարի հասկացությունները»: Մանկաբույժ Իրինա Թովմասյանի կարծիքով` յուրաքանչյուր տարիքի երեխաների համար նախատեսված են հատուկ խաղալիքներ: Օրինակ` մինչև 3-4 տարեկան երեխաների խաղալիքները չպիտի չափերով փոքր լինել, քան փոքրիկները սովոր են ձեռքների տակ եղածը բերանը տանել, մտցնել քիթը, ականջը: Արաբկիրի Երեխաների ու դեռահասների առողջության ինստիտուտի ԼՕՌ բաժանմունքի վարիչ Էռնա Զորյանը գտնում է նմանատիպ դեպքեր հաճախ են պատահում և մեղավորները հիմնականում իրենց ծնողներն են, որոնք անուշադրության են մատնում խաղացող երեխային: Իսկ երբ նկատում են, որ երեխան ինչ -որ բան կուլ է տալիս, բնազդորեն գոռում են, երեխան էլ վախից իրը կուլ է տալիս:

Հայաստանում   խաղալիքների վաճառքի տեխնիկական կանոնակարգի պահանջները հետևյալն են. խաղալիքները ոչ մի դեպքում երեխայի առողջությանը վնաս չպիտի պատճառեն, իսկ ռիսկի աստիճանը որոշելիս պետք է հաշվի առնվեն երեխայի տարիքային կարողությունները, ինչպես նաև՝  մեծահասակների հսկողության հնարավորությունը: Խաղալիքների պիտակների վրա պետք է նշված լինեն, թե որ տարիքի երեխաների համար են նախատեսված: Դրանք պետք է բացառեն շնչարգելության վտանգը, իսկ անկյուններն ու դուրս ցցված մասերն այնպես նախագծված լինեն, որ հպման դեպքում վտանգը նվազագույն լինի, չպիտի պարունակեն քիմիական թունավոր և դյուրավառ նյութեր: Պետք է ունենան պարզ և սպառիչ ցուցումներ, օրինակ`«Նախատեսված է երեք տարեկանից փոքր երխաների համար» «Չի նախատեսված 36 ամսականից փոքր երեխաների համար» և այլն:

 

Նոննա Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031