Երեկ «Ֆեյսբուքը» թնդում էր Դաշնակցություն-նույնասեռականներ «հակամարտության» վերաբերյալ գրառումներով։ «DIY» փաբի սեփականատեր Ծոմակը լրագրողներին հայտնել է, որ դաշնակցական Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանն են վճարել իր ակումբը պայթեցնողների ազատ արձակման գրավի համար։ Արծվիկ Մինասյանը դա չէր հերքել եւ անգամ հրապարակային վիրավորել էր Ծոմակին։ Այս հարցին անդրադարձել էր Սամվել Մարտիրոսյանը. «Արծվիկ Մինասյանին մենակ մի բան ունեմ ասելու։ Բնակելի շենքում միտումնավոր հրդեհը հասարակության համար վտանգավոր է: Մեծ խելք ունենալ դրա համար պետք չի։ Ծոմակ, ծմակ չգիտեմ։ Բայց էն, որ նման բան անող գյադեքին պետք ա պատժել ամենայն խստությամբ, որ նման ձեւով հարց լուծելը չդառնա ազգային ավանդույթ՝ դա պարզից էլ պարզ ա»։
«Բոլորը դեռ տաք են, բայց ինչ-որ մի պահի Սերժ Սարգսյանին կողքից հաստատ կհուշեն, թե միջազգային դաշտում անձամբ իր համար ինչ հետեւանքներ է ունենալու «DIY» ակումբի պայթյունը եւ դրա մեջ կասկածվողների խափանման միջոցի փոխումը, եւ ով է կրելու դրա համար ողջ պատասխանատվությունը։ Ու այդ ժամանակ ընդամենը կարելի է մի լավ ցավակցել Դաշնակցությանը… Անհասկացողներին էլ խորհուրդ կտամ մի լավ ուսումնասիրել, թե միջազգային դաշտերում ինչ հետեւանքներ կարող է ունենալ «պետության կողմից ահաբեկչության հովանավորության» մեղադրանքը…»,- գրել է «Ֆեյսբուքի» օգտատեր Արգիշտի Կիվիրյանը:
«Հրապարակ»