Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ երեկ աշխատանքային ժամի գրեթե ավարտին՝ ժ.17-ին նշանակվել էր դատական նիստ:
Երվանդ Քոչարի 6 հասցեում գտնվող «Bella» հյուրանոցային համալիրի տնօրենի՝ («Նելլի Միքայել» ՍՊԸ տնօրեն) Նելլի Ավետիսյանի դեմ հայցով դատարան էր դիմել «Ռան օյլ» բենզալցակայանի տնօրեն, նշված տարածքի սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը:
Ռոբերտ Գալուստյանի հետ այս տարվա հունվարին վարձակալության պայմանագիր է կնքել Ն. Ավետիսյանը:
Վարձակալության պայմանագիրը կնքվել էր մինչեւ 2015թ.:
Կարդացեք նաև
Ռոբերտ Գալուստյանը դատարանից պահանջում էր պայմանագիրը չեղյալ համարել եւ տարածքից վտարել ՍՊԸ-ն:
Դատարանը սակայն մերժել էր հակընդդեմ հայցն ընդունել, ինչը պատճառ դարձավ, որ հյուրանոցի ներկայացուցիչը՝ փաստաբան Էդգար Բադալյանը հանդես գա դատավոր Գ. Խանդանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ:
Փաստաբանը գտնում էր, որ հակընդդեմ հայցադիմումը չընդունելով դատավորը խախտել է իր վստահորդի դատական պաշտպանության իրավունքը եւ հավասար մրցակցության սկզբունքը: Փաստաբանը կողմնակալության մեջ մեղադրեց դատավորին::
Դատավորն անցավ խորհրդակցական սենյակ եւ որոշման մասին կհայտնի մայիսի 18-ին ժ.16.35-ին:
Նշեմ, որ հյուրանոցի տնօրենի եւ Գալուստյանի միջեւ հարաբերություններն այնքան են սրվել, որ ոստիկանապետից Նելլի Ավետիսյանը խնդրում է «վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար միջոցներ ձեռնարկել ապագայում սպասվելիք վտանգավոր գործողությունները կանխելու համար»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ