Ժամանակին, երբ իշխանության ներկայացուցիչները սովորական քաղաքացիներին «բոմժ» կամ «համբալ» էին անվանում, վերագրում էինք դրանց հեղինակների մարդկային տեսակին, դաստիարակվածության մակարդակին: Բայց հիմա, երբ ոչ միայն քաղաքացիները, այլեւ կայացած ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքական ուժերն են համեմատվում շների հետ, երբ կուսակցական նախարարը ՀՀԿ-ի հաղթանակը մարսելու համար նրանց մարդասիրաբար առաջարկում է համապատասխան դեղահաբ ընդունել, պարզ է դառնում, որ գործ ունենք ցինիկ անպարկեշտության, իսկ ավելի ճիշտ` իշխանության պարզ այլասերման իրողության հետ: Իշխանությունը նման մակարդակի հասնում է միայն մեկ դեպքում. երբ սկսում է համոզվել, որ ոչ միայն ամենազոր է, այլեւ անփոփոխելի եւ որ ստացած ու անխնա շահագործվող պետական ռեսուրնսերն ու լծակներն իրեն ի վերուստ շնորհված սեփականություն են:
Իշխանության «պտուտակներին» թվում է, թե այս ամենը նորից տնօրինելու ստացած իրավունքը նման կերպ պաշտպանելը ինքնավստահության դրսեւորում է, իսկ բողոքողներն ու չհամակերպվողները` նախանձողներ ու չարախնդացողներ: Բայց սա ոչ միայն իրականությունից կտրվածության, այլեւ, որ ավելի վտանգավոր է` նեղմիտ, ցինիզմի հասնող ինքնագոհության արտահայտություն է: Երբ իշխանությունն սկսում է տառապես այս ախտով, նշանակում է` անդառնալիորեն ճահճացել ու նեխել է: Բայց ողջ խնդիրն այն է, որ նրանք վաղուց դադարում են զգալ դրանից տարածվող գարշահոտը:
«Երկիր»