Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյան. «ԲՀԿ-ն շինծու ընդդիմություն է»

Մայիս 16,2012 10:16

Հատվածներ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարցազրույցից:

– Պարոն Ղուկասյան, լուրեր են շրջանառվում, որ Դուք հրաժարականի դիմում եք ներկայացրել:

– Ճիշտն ասած, մեզ մոտ նմանատիպ լուրեր չկան, ես չգիտեմ, թե որ սատանայական կառույցներից են այդ լուրերը պտտվում: Բացի այդ, հրաժարականի առիթ չկա, որ մենք հրաժարական տանք:

– Իսկ ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս եք գնահատում:

– Ժողովուրդն ինքն իր խոսքն ասաց, և այստեղ հավանական է, որ բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք: Իսկ Գյումրին սոցիալապես ամենավատ վիճակում գտնվող քաղաքներից մեկն է, և իր ապրած կյանքով Գյումրին միշտ էլ ընդդիմություն է եղել: Երբ նայում ենք՝ Խորհրդային Միության ժամանակահատվածից, կոմունիստական հեղափոխություններից սկսած Գյումրին ընդդիմադիր քաղաք է եղել: Հետո քաղաքներում ուրիշ է, գյուղերում ուրիշ է: Բացի այդ, եթե մի թեկնածու երկու ամսվա ընթացքում 14.000 ձայն է հավաքում, իսկ մյուսը՝ 16.000, այդքան շատ տարբերություն չեմ տեսնում:

– Իսկ, ըստ Ձեզ, ընտրություններն արդար և թափանցի՞կ անցան:

– Էդ արդեն դուք պետք է ասեք, դուք: Երբ շատ արդար լինեին ընտրությունները, այլ կլիներ:

– Ինչո՞վ էր, ըստ Ձեզ, պայմանավորված, որ գյուղերում Հանրապետականն էր հաղթում,  քաղաքում՝ ԲՀԿ-ն. ԲՀԿ-ի PR-ը լավ կազմակերպելո՞վ:

– Ճիշտն ասած, այստեղ խնդիրներ կան, պետք է քննարկել: Բոլորը պետք է մտածեն, թե ինչով էր պայմանավորված:

– Կարծո՞ւմ եք՝ այս ընտրությունները նոր պատգմավորներով նոր Հայաստան ստեղծելու են:

– Լավ կլինի դա դուք ասեք, բայց ես, ընդհանուր առմամբ, բարետես եմ, լավատես: Եվ ես գիտեմ, որ լավ պետք է լինի, լավ Հայաստան, ուժեղ երկիր, և ես հավատում ու վստահում եմ:

– Պարոն Ղուկասյան, Դուք նշեցիք, որ Գյումրիում, ընդհանուր առմամբ, ընդդիմադիր են, նկատի ունեք, որ ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է:

– ԲՀԿ-ն շինծու ընդդիմություն է, ինչքան էլ այսօր ընդդիմություն է դարձել: Այն ժամանակ դիմություն էր, դարձավ ընդդիմություն, և այդպես ժողովրդին կարողացավ ապակողմնորոշել:

– Ինչո՞վ եք պայմանավորում չար, սատանայական ուժերի՝ Ձեր պաշտոնի շուրջ նման լուրեր տարածելը:

– Չար ու նախանձ կա մարդկանց մեջ, բայց այդպես է եղել, այդպես էլ կշարունակվի:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
«Ժամանակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031