Լրահոս
Օրվա լրահոսը

«Վկայի եղբայրը ռազմական ոստիկանությունում որպես պատանդ է պահվում»

Մայիս 15,2012 21:21

Մայիսի 15-ին Իջեւանում սկսվեց, սակայն փաստորեն չկայացավ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստը: Սկզբում դատավոր Սամվել Մարդանյանի կողմից նիստը 10 րոպե հետաձգվեց, քանի որ դեռեւս դատարան չէր բերվել ամբաստանյալ Հարութիկ Կիրակոսյանը, որը կալանքի տակ չէ, շարունակում է ժամկետային ծառայությունը: Դատավորը ամբաստանյալին ուղեկցող ռազմական ոստիկանության աշխատակիցներին ուշանալու համար դիտողություն արեց, վերջիններս էլ արդարացան, թե դրա պատճառը Դիլիջանի ճանապարհի վատ որակն է:

Ոստիկանության Վաղարշապատի եւ Սիսիանի բաժիններից դատարան գրություններ են ստացվել, որ գործով առանցքային վկա Արման Մնացականյանը բուժման նպատակով գտնվում է հանրապետությունից դուրս, վկա Արթուր Մկրտչյանն էլ գտնվում է Լեռնային Ղարաբաղում, եւ հաջորդ նիստին վերջինիս ներկայությունը կապահովվի: Ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանն այս առթիվ հայտարարեց, որ գործով մեղադրանքի հիմքում դրված են  «պահեստային 4 վկաների» ցուցմունքները, որ դատաքննության ընթացքում վերջիններս ամեն քայլի դիմում են, որպեսզի դատաքննության չներկայանան եւ դատարանին միջնորդեց « ջանասիրաբար» անհրաժեշտ քայլեր ձեռնարկել վկաներին բերման ենթարկելու համար , այլապես ինքը կմիջնորդի բացակա վկաների ցուցմունքները հանել մեղադրական եզրակացության հիմքից: Նրա խոսքերը , որ դատարանը վկաների ներկայությունն ապահովելու համար «ջանասիրություն չի ցուցաբերել», այդ գործում «հսկողություն չի իրականացրել», զայրացրին դատավոր Մարդանյանին, որը հակադարձեց պաշտպանին.

– Սիրում եք հենց այնպես քաղցր եւ դառը բաներ ասել: Դատարանը ձեռնարկել է բոլոր միջոցները: Աշխատեք արտահայտությունների մեջ կոռեկտ լինել: Խոսեք այն բաների մասին, որոնց տեղյակ եք:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ , փաստաբան Մուշեղ Շուշանյանը միացավ վկաների բացակայության պայմաններում նիստը հետաձգելու վերաբերյալ ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի միջնորդությանը: Շուշանյանը հայտարարեց, որ ոստիկանությունից ստացված գրությունը չի կարող հիմք ծառայել, որ Արման Մնացականյանը բացակայում է Հայաստանից, դատարանը պետք է դիմի համապատասխան մարմիններին պարզելու համար՝ Արման Մնացականյանը իսկապես հատե՞լ է Հայաստանի սահմանը:

Փաստաբանը հայտարարեց, որ հասունացել է պահն արտագնա նիստերը կրկին Երեւան տեղափոխելու համար: Դատավորն ասաց, որ նիստերի անցկացման վայրի հարցը այդ նիստում չի քննարկվում: Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը եւս պնդեց, որ նիստերը Երեւան տեղափոխվեն, հիմնավորելով, որ երկու վկաներն էլ Երեւանից ավելի մոտ են բնակվում, քան Իջեւանից: Դատարանը որոշեց վերոհիշյալ վկաներին բերման ենթարկելու որոշումներ կայացնել եւ  հետաքննության մարմնի միջոցով ապահովել դատարանում նրանց ներկայությունը:

Տուժողի իրավաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը «Առավոտի» թղթակցին հայտնեց, որ իրենք մի քանի ամիս շարունակ շփվել են Արման Մնացականյանի հետ, որ նա ժիր, առույգ, առողջ երիտասարդ է, ում ստիպում են կեղծ ցուցմունք տալ, ինչը նա չի ուզում անել; Իրավապաշտպանի խոսքերով՝ Արթուր Մկրտչյանը գործով միակ վկան է, որը համարձակվել է նախաքննական փուլում ըմբոստանալ եւ հայտարարել, որ իրենից ցուցմունքները կորզել են ծեծի եւ բռնությունների միջոցով, հիմա նրան ստիպում են գալ եւ դատարանում կեղծ ցուցմունք տալ, ինչը նա չի կամենում անել:

Ռուբեն Մարտիրոսյանի վկայությամբ՝ Արթուր Մկրտչյանի եղբորը, որը Արթուրի հետ էր ծառայում, մինչ օրս Երեւանում, ռազմական ոստիկանությունում պահում են «որպես պատանդ», վերջինիս նկատմամբ իբր պաշտպանական միջոց են կիրառել, մինչդեռ նա Արտակ Նազարյանի մահվան դեպքի վայրում չի եղել:

Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 22-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031