Մայիսի 15-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին նաև հայաստանյան թեմերի առաջնորդները և Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսները: Ժողովի ընթացքում քննության առնվեցին թեմական, կալվածական, ծիսական և կարգապահական խնդիրներ:
Ժողովին անդրադարձ կատարվեց օրերս Վրաստանում երկրաշարժի և ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգական դեպքերին, որոնց ընթացքում զոհվեցին Վրաստանի քաղաքացիներ: Այս առնչությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ցավակցություն հայտնեցին վրաց ժողովրդին, Վրաստանի իշխանություններին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն:
Ցավով արձանագրվեց նաև այդ ընթացքում Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու զանգակատան փլուզման փաստը: Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ժողովականներին տեղեկություններ փոխանցեց Սուրբ Նշան եկեղեցու վթարային վիճակի և այս ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:
Այս առնչությամբ թեմակալ առաջնորդին հանձնարարական տրվեց Վրաց պատկան մարմինների հետ աշխատանքները շարունակելու` արագացնելու համար Ս. Նշան եկեղեցու ամրակայման ու վերանորոգման, ինչպես նաև Շամխորեցոց Կարմիր Ավետարան և Մուղնեցոց Սուրբ Գևորգ փլուզված եկեղեցիների վերականգնման գործընթացը:
Կարդացեք նաև
Գերագույն հոգևոր խորհուրդը նաև հույս հայտնեց, որ Վրաց իշխանությունները` ընդառաջ կատարված դիմումներին, կվերականգնեն Վիրահայոց թեմի իրավունքը հայոց պատմական սրբավայրերի նկատմամբ, ինչը հնարավորություն կտա թեմին և բարեպաշտ հայորդիներին պատշաճ խնամք ցուցաբերելու դրանց նկատմամբ և զերծ պահելու փլուզումներից: