Լրահոս
Օրվա լրահոսը

Ռ.Թորոսյան. «Պետք է բարձրացնել Լևոն Տեր-Պետրոսյանին ՀԱԿ-ից հեռացնելու հարցը»

Մայիս 15,2012 17:23

ՀԱԿ անդամ «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը տարածել է «Անսկզբունքային գործիչների և ապօրինի ընտրության մասին» հայտարարություն: Այստեղ նա նշում է, որ չնայած 2012-ի խորհրդարանական ընտրությունները դեռ չեն ավարտվել, քանի որ առջեւում ՍԴ քննարկումներն են, սակայն որոշ «անսկզբունքային գործիչներ արդեն որոշել են, որ  ընտրությունն  ավարտվել  է… մեկը՝  պատգամավորական  իր  մանդատը  ուրիշին  է  փոխանցում, մյուսը  կոալիցիա  է  ձևավորում, երրորդները  գնահատական են տալիս  «ավարտված»  ընտրությանը, ԱԺ  խմբակցություններ  ու  կառավարություն  են  ձևավորում, արդեն  հաղթական քեֆեր  են  անում…»: Հիշատակելով բազում ընտրախախտումներն ու ապօրինությունները՝ պարոն Թորոսյանը նկատում է. «Ապօրինի  ընտրության  օրինականացման  այդ  դավաճանական գործընթացը  սկսեց ՀԱԿ  հիմնադիր  սկզբունքները վաղուց  անտեսած  ՀՀ  առաջին  նախագահը, որն, իմ  կարծիքով՝  հանգիստ  և  վերջնականապես  հանգրվանեց  իր  սիրելի  ԱԺՄԿ  սիրելի առաջնորդի  կողքին»: Դիմելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին` Ռ. Թորոսյանը նշում է. «Չէի՞ր  կարող՝ չպայքարեիր, այն  էլ՝ պարելով»:

Aravot.am-ը Ռ. Թորոսյանից հետաքրքրվեց՝ ինքն է°լ է որոշել դուրս գալ ՀԱԿ-ից: Նա պատասխանեց. «Ոչ, Կոնգրեսից դուրս չեմ գալիս»: Հետաքրքրվեցինք՝ ինչպե°ս է վերաբերում ՀԱԿ-ից դուրս եկողներին: Պարոն Թորոսյանը պատասխանեց. «Իմ հարցի լուծման համար ՀԱԿ-ից դուրս գալը ճիշտ ճանապարհ չէ: Գուցե իրենց հարցի լուծման համար ճի°շտ է»: Խնդրեցինք մեկնաբանել նաև հայտարարության այն հատվածը, որը վերաբերում էր ՀՀ առաջին նախագահին: Ռ. Թորոսյանը վրդովվեց. «Դա իրոք դավաճանություն է սկզբունքներին, մեր հասարակության ընտրական իրավունքի պաշտպանությանը, քանի որ, երբ արդյունքների ամփոփումը դեռ տեղի չի ունեցել, կա Սահմանադրական դատարան, որն ամենակարևոր փուլն է, դու հայտարարում ես, որ ընդունում ես արդյունքները»: Մեր հարցին՝ այդ դեպքում հակասական չէ° պարոն Թորոսյանի՝ ՀԱԿ-ում մնալը, Aravot.am-ի զրուցակիցը պատասխանեց. «Ինչո՞ւ, մենք Լևոն Տեր-Պետրոսյանի համա՞ր ենք ՀԱԿ-ում հավաքվել: Մենք ստորագրել ենք փաստաթուղթ, որտեղ գրված չէ, որ եկել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի համար, այլ եկել ենք ժողովրդավարության, օրինական պետության ձևավորման համար: Ով դավաճան է, թող նա էլ դուրս գա: Ճիշտ կլինի դնել Տեր-Պետրոսյանին ՀԱԿ-ից հեռացնելու հարցը: Դա դեռ օրակարգում չկա, բայց գուցե մենք բարձրացնենք»: Հետաքրքրվեցինք՝ ուրի°շ ինչ ծրագրեր ունեն: Ռ. Թորոսյանը պատասխանեց. «Հեռացնել Մուկուչյանին, Ծառուկյանին չթողնել մասնակցել ընտրություններին, հեռացնել Սերժ Սարգսյանին, մաքրել Օպերայի տարածքը, Կոմիտասի այգուց հանել մի քանի գերեզման, որը որպես ավագանի պիտի անեմ»:

Պարոն Թորոսյանը սխալ է համարում այն, որ Լ. Տեր-Պետրոսյանը պաշտպանել է  ԲՀԿ-ին: Սխալ է համարում նաև այն, որ ՀՀ առաջին նախագահը որպես գերնպատակ դրեց ոչ թե ընտրությունների, այլ քաղբանտարկյալների հարցը: Վերլուծելով այս ամենը` Ռ. Թորոսյանը եկել է հետևյալ եզրահանգման. «Արդյունքում Սերժ Սարգսյանը դարձավ օրինական նախագահ` Լևոն Տեր-Պետրոսյանի մատուցմամբ: Առաջին նախագահն այդքան  գեղեցիկ սկսեց իր վերակենդանացման գործունեությունը, բայց հետո գցեց ջուրը»:

Դառնալով ՀԱԿ-ի վարկաբեկման մասին տարածված տեսակետին՝ Ռ. Թորոսյանը նշեց. «Ինձ համար ՀԱԿ-ը վարկաբեկվեց, վերածվեց ՀՀՇ-ի, որին ժողովուրդը չի էլ ուզում տեսնել: Ցավոք, բայց այդ գեղեցիկ կազմակերպությունը մարդկանց մի խումբ նեղացրեց- նեղացրեց և Կոնգրեսը դարձրեց ՀՀՇ»: Մեր հարցին՝ այդքանով հանդերձ ո°րն է Ռ. Թորոսյանի՝ Կոնգրեսում մնալու նպատակը, պարոն Թորոսյանն այսպես պատասխանեց. «ՀԱԿ-ում մնում ես, որ ՀԱԿ-ը դարձնես ՀԱԿ, ինչպիսին այն կար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031