Մայիսի 15-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվեց Իջեւան քաղաքի 24-ամա բնակիչ, նախկինում դատված, ամուրի Վազգեն Օհանյանի դատավարությունը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34/138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով: Մեղադրական եզրակացության համաձայն, նա 2011թ. հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ալկոհոլ օգտագործած վիճակում, գողության նպատակով մուտք է գործել Իջեւան քաղաքի 70-ամյա բնակչուհի Սուսաննա Բեկնազարյանի տուն, բռնություն կատարելով եւ բռնության սպառնալիքներ տեղալով ` 70-ամյա կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարել: Բռնաբարություն կատարելուն խանգարել է տարեց կնոջ թոռ Գարուշ Խաչատրյանը: Դատական նիստի սկզբում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ամբաստանյալին հարցրեց, թե ցանկանո՞ւմ է նա արդյոք պաշտպան ունենալ: Քառամյա կրթություն ունեցող, նախկինում դատված երիտասարդն ասաց, որ ինքն իրեն կպաշտպանի: Դատավորն ամբաստանյալին հարցրեց` իրեն մեղավոր Ճանաչո՞ւմ է : Վազգեն Օհանյանը բավական երկար մտածում էր, ի վերջո ասաց,որ գողության մեջ իրեն մեղավոր է համարում, սակայն` բռնաբարության փորձի մեջ` ոչ: Նշենք, որ նախաքննության փուլում նա բռնաբարության փորձ կատարելու մեջ իրեն մեղավոր է ճանաչել, հետո` հրաժարվել դրանից: Վազգեն Օհանյանը դատարանում շատ լարված էր, անընդհատ անհանգիստ շարժումներ էր կատարում, հայացքին սրություն տալով` նայում դատարանի դահլիճին, ստեպ-ստեպ շնչում – արտաշնչում էր: Երբ դատավորը նրան հարցրեց, թե արդյոք դատարանում ցուցմունք տալու է, նա կրկին ուսերով անհանգիստ շարժումներ արեց: Ռ. Մելքոնյանն այդ առթիվ համեմատություն արեց.
-Տնաշեն, ոնց որ քեզ առաջակեմ մոտենաս շտանգային, Յուրի Վարդանյանի նման խոր շունչ ես քաշում:
Ամբաստանյալը երկմտելուց հետո հրաժարվեց ցուցմունք տալուց, դատավորն ասաց, որ նա կարող է իր ցանկությամբ հետագայում ցուցմունք տալ: Տուժող Սուսաննա Բեկնազարյանը դատարանում ցուցմունք տալով` հայտնեց, որ Վազգեն Օհանյանն իրեն «այլանդակել է», նաեւ հարվածներ տեղացել: Ծեր կնոջ հիշողությունը որոշ տեղերում դավաճանում էր: Օրինակ, պատասխանելով դեպքի գիշերվա մասին հարցին, նա խոսեց հանգուցյալ ամուսնու մասին: Դատավորը որոշեց փոխել դատավարության կարգը, եւ տարեց կնոջ հարցաքննությունը շարունակել վկաներին լսելուց հետո: Տուժողի աղջիկը` Հասմիկը, ով դեպքի ժամանակ Ռուսաստանում է գտնվել, դատավորին առաջարկեց «գործը փակել», քանի կատարողը երիտասարդ է, իսկ իր մայրը վատ հիշողություն ունի: Դատավորն ասաց, որ գործը չի կարող փակել, նաեւ ասաց, որ նրանք կարող են օգտվել դռնփակ դատավարության իրավունքից: Դատարանում նշվեց, որ տուժողն ու ամբաստանյալը հարազատներ են. Վազգենի պապը Սուսաննա Բեկնազարյանի ամուսնու հորեղբոր տղան է: Վկաներից հարցաքննվեց ամբաստանյալի հայր Օնիկ Օհանյանը, ով ասաց,որ հոկտեմբերի 30-ին իրենց տուն է եկել տուժողի թոռ Գարուշ Խաչատրյանը, նա հարցրել է Վազգենին, ասելով, որ տեսնելու դեպքում նրան «լավ դաս» կտա: Գարուշ Խաչատրյանը արդեն 7 ամիս ծառայում է հեռավոր սահմանագոտում: Գործով այլ վկաները դատին չէին ներկայացել, եւ դատավոր Մելքոնյանը դատը հետաձգեց մինչեւ մայիսի 22-ը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ