Լրահոս
Օրվա լրահոսը

2 տարվա ազատազրկում` խոշոր չափի յուրացումներ կատարած բժշկուհուն

Մայիս 15,2012 16:38

Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի շենքը

Մոտ մեկ տարի է` Գյումրիում դատում էին Էնրիկո Մատտեի անվան իտալական պոլիկլինիկայի գործադիր տնօրեն, 44-ամյա անոթաբան Տաթևիկ Փանոսյանին, ով  մեղադրվում էր պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափի հափշտակություններ կատարելու, «լեվի » հաստիքներ պահելու,  պետական հարկերից ու պարտադիր վճարներից չարամտորեն խուսափելու ու  խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ: Նշենք, որ նրա դեմ հարուցված էր քրեական գործ` Քրեական օրենսգրքի չորս ծանր հոդվածներով, նա կալանավորված էր, գտնվում է Աբովյանի քրեակատարողական հիմնարկում:

Այս գործով կային 77 տուժվածներ, որոնք պոլիկլինիկայի աշխատակիցներ են, և նրանցից  շատերը դատարանում հաստատեցին, որ երիտասարդ տնօրենը 2008 թվականի ապրիլից մինչև  2010 թվականի սեպտեմբեր ամիսը իրենց աշխատավարձից զգալի գումարներ է  պահել պոլիկլինիկայի ջեռուցման ու պահպանման ծախսերը հոգալու պատճառաբանությամբ: Բժիշկներից մասնավորապես ամեն ամիս պահել է 5000 դրամ, իսկ բուժքույրերից `2000 : Տաթևիկ Փանոսյանը, ըստ քրեական գործի, այս նպատակի համար հավաքագրած 1 մլն 257 հազար դրամից միայն 604 650 դրամն է  ծախսել պոլիկլինիկայի վրա, մնացածը գրպանել է: Բացի այդ, իր նախկին ամուսնուն` Արթուր Հարությունյանին, ով մասնագիտությամբ անոթաբան է, ձևակերպել է որպես աշխատող, ու նրա աշխատավարձը ևս գրպանել է: Նմանապես որպես պահակ է ձևակերպել է Կարապետ Բադալյանին ու յուրացրել նրա աշխատավարձը: Տիկինը ամեն ամիս անաշխատունակության  կեղծ «բյուլետեններ» էր ձևակերպել իր աշխատակիցներին, նրանց հիվանդ է ձևացրել` այսպիսով խուսափելով պետությանը 5 մլն 129 հազար 289 դրամի սոցիալական ապահովագրական վճար մուծելուց: Նա  նաև իր կաբինետում խոշոր չափի կաշառք էր վերցրել բուժքույրերից մեկից` Զեմֆիրա Վարդանյանից` նրան աշխատանքից չազատելու ու հետագայում աշխատավարձը բարձրացնելու խոստումով, սակայն հետագայում նրան հրամանագրել է քույր վիճակագրի հաստիքով` 50 տոկոս վարձատրությամբ:

Մի խոսքով, դատական նիստերն անցնում էին լարված ու տհաճ մթնոլորտում, կոլեկտիվի անդամներից շատերը թեև անընդունելի էին համարում երիտասարդ կնոջ ձերբակալումը, այդուհանդերձ  չէին կարող նաև ցուցմունք չտալ նրա դեմ: Նշենք, որ Տաթևիկ Փանոսյանի  դեմ ցուցմունք տվեց նաև նախկին ամուսինը: Դատավոր Մարտին Սարոյանն էլ, նկատի ունենալով, որ բժշկուհու խնամքին կա մեկ անչափահաս երեխա, վատառողջ է,  տառապում է մի քանի հիվանդություններով, ընտանիքի միակ կերակրողն է , դատական նիստի ընթացքում կամովին վերականգնել է պետությանը պատճառած 10 մլն 498 հազար182 դրամի վնասն ամբողջությամբ, վերջնական պատիժ սահմանեց երկու տարի ազատազրկումը: Դատավորը, մեծահոգի գտնվելով, նրան չզրկեց նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու  իրավունքից: Նշենք, որ սա Գյումրու պատմության մեջ եզակի դեպք է, երբ կին պաշտոնյա  է  դատապարտվում ` ընդ որում բավականին ծանր մեղադրանքներով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031