Այսօր «Հայելի» ակումբում ճանաչված դերասան Ազատ Գասպարյանը եւ անվանի նկարիչ Հաղթանակ Շահումյանը խոսեցին հետընտրական կրքերից: Ազատ Գասպարյանն ասաց, որ ընդհանուր առմամբ գոհ է ԱԺ ընտրությունների արդյունքներից: Ըստ նրա` մենք անմիաբան ժողովուրդ ենք, իսկ կուսակցություններն է’լ ավելի են մասնատում մեզ: Չնայած այս ամենին, բանախոսն ուրախ է, որ չեղան ծեծկռտուքներ:
«Ինչպե՞ս անենք, որ կանխվի արտագաղթը ու սկսվի ներգաղթը. Այ, այս հարցը պետք է մեզ հետաքրքրի, ոչ թե` այս նախարարությունը իմն է, այն նախարարը իմն է: Լինում եմ շատ գյուղերում, համարյա մարդ չի մնացել: Եթե ամեն մարզում կառուցվի գոնե մեկ գործարան, ապա կսկսվի ներգաղթ»,- վստահ է դերասանը: Պարոն Գասպարյանի կարծիքով` այս խնդիրը ի զորու է լուծել միայն կառավարող կուսակցությունը:
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը համաձայն է Ազատ Գասպարյանի այն կարծիքին, որ ընտրությունները, անցյալ տարիների համեմատ, հանգիստ անցան. «Զարմանալի է, որ դա մենք սարքել ենք գնահատական: Կարծես թե վայրի ցեղ ենք, ու որ նման բան չի լինում, լավ ենք զգում մեզ»:
Շահումյանը դրական է համարում նոր ուժերի` ԱԺ անցնելը: Բանախոսի կարծիքով՝ նրանք ի վիճակի են ինչ-որ բաներ փոխելու: Նկարիչն ունի մեկ ցանկություն` իշխող կուսակցության՝ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը իրականանա: Ազատ Գասպարյանն էլ հավատացած է, որ պարոն Շահումյանի ցանկությունը կկատարի ՀՀԿ-ն, եթե համախմբի իր ուժերը: «Եթե կարգախոսում նրանք ասում են փոխելու մասին, ուրեմն զգում են, չէ՞, որ կա փոփոխման կարիք»,- ասում է Հաղթանակ Շահումյանը: Իր խոսքով՝ ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն ինչ պարզ երեւում է, ու եթե շարունակվի այսպես` մեր պետությունը կկործանվի:
Կարդացեք նաև
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ