Մայիսի 4-12-ը Վիենայում կայացավ դասական երաժշտության պատանի երաժիշտների «Եվրատեսիլ-2012» մրցույթը, որին Հայաստանը մասնակցեց առաջին անգամ՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ Հանրային հեռուստատեսության աջակցությամբ: Մրցույթին մասնակցում էին դասական ժանրում հանդես եկող 15-19 տարեկան երաժիշտներ: Հայաստանը ներկայացնող 15-ամյա տաղանդաշատ պատանի Նարեկ Կազազյանը զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ երկրորդ տեղը գրավեց կրկին հայ՝ Ավստրիան ներկայացնող ջութակահար Էմանուել Ճգնավորյանը;
Այսօր մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշեց, որ Նարեկի հաղթանակը մեծ կարեւորություն ունի մեզ համար, հատկապես, երբ առաջին անգամ ենք մասնակցում մրցույթին: «Ուշադրությամբ հետեւել ենք նրա բոլոր ելույթներին, նրա հաղթանակը մեր մանկավարժների հաջողությունն է եւ թույլ է տալիս ամրագրել մեր հետագա անելիքները: Նախարարությունն ուշադրություն է դարձնելու տաղանդաշատ պատանիների հետագա դրսեւորմանը: 2012-15 թվականները հայտարարված են պատանի կատարողներին օժանդակելու տարիներ»,-ասաց փոխնախարարը եւ հավելեց, որ Էմանուելին նույնպես կրթել են մեր ուսուցիչները:
Նարեկ Կազազյանը նշեց, որ իր համար հատկապես մեծ պատիվ էր հանդես գալ Վիենայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: «3-րդ տեղը զբաղեցնելն էլ ինձ համար հաղթանակ է, քանի որ 14 մասնակից երկիր կար: Մթնոլորտը լարված չէր, ընկերություն էի անում բոլորի, հատկապես՝ Էմանուելի հետ: Ավելի շատ անհանգստանում էի կիսաեզրափակչում նվագելուց, բայց երբ տեսնում էի, որ ուսուցիչս՝ Անահիտ Հովսեփյանը, հանգիստ է, ես էլ էի հանգստանում»,-ասաց մրցանակակիրը: Անահիտ Հովսեփյանն էլ նշեց, որ արդյունքի հասնելու հարցում իրենց օգնել է թիմային աշխատանքը. «Երբ քո սիրած գործով ես զբաղվում, կապ չունի, թե հանդիսատեսն ով է»:
«Եվրատեսիլի» պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ Վիենայի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները հիացած էին Նարեկի ելույթներով.«Յուրաքանչյուրը հետո մոտենում էր նրան ու ասում, որ իրենց համար հենց Նարեկն է հաղթողը: Մրցույթը երկու տարին մեկ է անցկացվում եւ իր մասշտաբով զիջում է մանկական եւ մեծերի «Եվրատեսիլին», բայց ավելի լավ է ուշ-ուշ մասնակցել, բայց գրանցել հաջողություն»:
Կարդացեք նաև
«Եվրատեսիլյան» համագործակցության շրջանակներում Նարեկն առաջիկայում ելույթ կունենա Լեհաստանում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ