Լրահոս
Օրվա լրահոսը

Մյասնիկ Մալխասյանը չի կիսում Աշոտ Զաքարյանի մտահոգությունը` ԲՀԿ-ի հետ կապված

Մայիս 15,2012 15:54

ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց, թե նա չի՞ կիսում իր քաղբանտարկյալ ընկերոջ` ՀԱԿ արդեն նախկին անդամ Աշոտ Զաքարյանի մտահոգությունները` ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համագործակցության հետ կապված: Ինչպես տեղեկացրել ենք, ՀԱԿ Գյումրիի  տարածքային  գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանը ՀԱԿ-ից դուրս գալու իր որոշումը բացատրել էր նրանով, որ երկրում ստեղծված ծանր վիճակի, ձախողումների համար ԲՀԿ-ն ՀՀԿ-ին հավասար պատասխանատվություն է կրում, եւ չի ուզում նպաստել Ռոբերտ Քոչարյանի վերադարձին:

Մյասնիկ Մալխասյանը վստահեցրեց, որ այդ առումով մտահոգություններն անտեղի են, քանի որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցել է միայն  մաքուր ընտրություններ անցկացնելու շուրջ, ընդ որում, պարոն Մալխասյանը կասկածում էր` դա համագործակցություն կարելի՞ է համարել, թե՞ ոչ: Մեր հարցին` հիմա արդեն ընտրությունները վերջացել են, ՀԱԿ-ը հիմա ԲՀԿ-ի հետ ոչ մի գործ չունի՞` պարոն Մալխասյանը պատասխանեց. «Ես հիմա չգիտեմ  ինչ զարգացումներ կլինի, կապրենք` կտեսնենք:  Բայց ՀԱԿ-ը «Բարգավաճի» համար իր տեսակետը հայտնել է, որ Հայաստանում, ովքեր պատրաստ են արդար ընտրություններ անցկացնելու՝ համագործակցել»: Մենք ճշտեցինք` այսինքն հավատում եք, որ ԲՀԿ-ն անկեղծորեն արդար ընտրություններ անցկացնելու դիրքորոշում ուներ, չե՞ք հավատում, որ ԲՀԿ-ն էլ է մասնակցել ընտրակաշառքներ բաժանելուն` նա պատասխանեց. «Հավատալ-չհավատալու խնդիրը չի, մենք պատրաստ ենք  ցանկացած ուժի, մարդու հետ, ովքեր պատրաստ են Հայաստանում արդար ընտրություններին նպաստելու, համախմբվել, դա չի նշանակում, որ բոլոր ոլորտներում պետք է համագործակցենք: Որտեղ անարդար կլինեն` կքննադատվեն, որտեղ արդար ու իրոք անկեղծ կլինեն՝ Հայաստանը տեսնելու, ազատ, արդար, ժողովրդավարական երկիր` գուցե համագործակցենք, ինչի՞ մասին է խոսքը»:

Մեր հարցին, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը խոստում էր տվել նախագահական ընտրություններին պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ ՀԱԿ-ը ուզում է տապալել Սերժ Սարգսյանի ստեղծած ռեժիմը, հակասություններ չե՞ք տեսնում` Մյասնիկ Մալխասյանը պատասխանեց. «Տարբեր բաների մասին ենք խոսում: ՀԱԿ-ը ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ միասնական շտաբում միայն ազատ, արդար ընտրությունների վերահսկման շուրջ է կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031