Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության գնահատականը 2012թ. մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին

Մայիս 15,2012 15:06

2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կարող էին լավ հիմք հանդիսանալ Հայաստանի ժողովրդավարացման և ազատականացման ճանապարհին, սակայն պետք է արձանագրենք, որ այս ընտրությունները չարդարացրին մեր, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի և հայ հասարակության ակնկալիքները:

Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀ քաղաքացու ընտրության իրավունքի ազատ իրացման վրա մեծ ազդեցություն ունի երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը, ինչից էլ օգտվեցին իշխանական կուսակցությունները՝ գործի դնելով իրենց վարչական և ֆինանսական ողջ ռեսուրսը: Սույն թվականի մայիսի 6-ի ընտրությունների իրական արդյունքները և ազատ, արդար մթնոլորտում ընտրություն իրականացնելու նպատակադրությունը ստվերեցին ընտրակաշառքի և կեղծ բարեգործության աղաղակող չափերի հասնող դեպքերը:

Ցավոք, այս ընտրությունները չարձանագրեցին ՀՀ քաղաքացու իրական կամքը և քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը խորհրդարանում: Այս անգամ ևս ժողովրդի կամքը ստորադասվեց ընտրակաշառքների տարափին: Արձանագրվեց նաև մի հանգամանք, որ ընտրակեղծիքների մեխանիզմները բավականին հղկվել են և դրանք չեն իրականացվում ընտրատեղամասերում, այլ գործի են դրվում տեղամասերից դուրս և մինչ ընտրությունների օրը՝ օգտագործելով վարչական և ֆինանսական ողջ ներուժը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արձանագրում է, որ թեև ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում` քվեաթերթիկների հաշվարկը, ինչպես նաև նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջխաղացում նախորդ ընտրությունների համեմատ, այդուհանդերձ` ընտրատեղամասերից դուրս իրականացված զանգվածային ընտրախախտումները մթագնել են ընտրությունների օրինականությունը և լեգիտիմությունը:

Շնորհակալ ենք ՀՀ այն քաղաքացիներից, ովքեր իրենց ձայնը վստահել են Ազատ դեմոկրատներ-Ժառանգություն կուսակցություններից և հանրային սեկտորի ներկայացուցիչներից ձևավորված միասնական թիմին և քվեարկել հանուն Նոր Հայաստանի: Շնորհակալ ենք նաև այն քաղաքացիներից, ովքեր կատարել են գիտակցված ընտրություն և իրենց քաղաքացիական պարտքի իրականացումը չի ստվերվել ընտրակաշառք կոչված արատավոր երևույթով:

Արձանագրելով այն հանգամանքը, որ այս ընտրությունները ևս չարտահայտեցին ՀՀ քաղաքացու իրական կամքը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն, այդուամենայնիվ, չի նահանջում և շարունակելու է իր սկզբունքային պայքարը հանուն Նոր Հայաստանի և հանուն ՀՀ քաղաքացու բարօրության:

 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031