Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչե Գաբրիելյան. «Հաճույքով կարդում էի Արմեն Շեկոյանին ու Վիոլետ Գրիգորյանին»

Մայիս 15,2012 13:53

– Հիմա կարդալու ժամանակ մնո՞ւմ է:  

– Շատ ավելի քիչ, քան առաջ, բայց ամեն դեպքում կարդում եմ: Քանի որ մինչեւ անցած տարի նաեւ դասավանդում էի, բնականաբար, պետք էր անընդհատ մասնագիտական գրականություն ընթերցել` դասավանդվող առարկաների վերաբերյալ: Իսկ դասավանդում էի հանրային կառավարում եւ տնտեսագիտություն: Այդ թեմաները բավականին լայն են, հատկապես հանրային կառավարումը, որի մեջ մտնում է ոչ միայն տնտեսագիտություն, այլեւ հոգեբանություն, քաղաքական միջավայր, կառավարման հմտություններ եւ այլն:

Իմ վերջին կարդացած գրքերից մեկը`Ջոնահ Լեհրերի «Ինչպես ենք որոշումներ ընդունում»  (How We Decide), գիրքն էր, որը վերաբերում էր որոշումներ ընդունելու մեխանիզմներին, եւ որտեղ, սակայն, բացատրությունները տրվում են ոչ թե հոգեբանության, այլ հիմնականում նեյրոկենսաբանության տեսանկյունից: Ամենազարմանալի դրույթը, որ կարդացի այդտեղ եւ, ի միջի այլոց, անմիջապես հանձնարարեցի ուսանողներիս քննարկման համար, դա այն էր, որ բարոյականությունն ամբողջովին սոցիալական հիմքի վրա չէ, այլ ունի հզոր կենսաբանական, անգամ ֆիզիոլոգիական արմատներ, դրա համար պատասխանատու են հատուկ տիպի ուղեղային բջիջները:

Մյուս գիրքը, որը վերջացրեցի մի քանի օր առաջ, Ստիվեն Կինզերի «Վերաբեռնել Միջին Արեւելքը» (Reset Middle East Old Friends and New Alliances: Saudi Arabia, Israel, Turkey, Iran) գիրքն էր: Այն վերաբերում էր տարածաշրջանային քաղաքականությանը եւ արտացոլում մեր տարածաշրջանի մասին ամերիկյան տեսակետի վերաձեւակերպելու փորձ: Կինզերը հետաքրքիր է նրանով, որ տարածաշրջանի մեծ գիտակ է, եւ լինելով Թուրքիայի եւ Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների ջերմացման ջատագով եւ տարածաշրջանի մեծ գիտակ, այն «պրագմատիկներից» է, որը ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ է, թեեւ խուսափում է այդ փաստը ժխտելուց:

Գեղարվեստական գրականություն կարդում եմ այնքանով, որքանով հնարավոր է: Համակարգված ձեւով վերջին տարիներին չեմ կարդում. մի պատմվածք այստեղից, մի վիպակ  այնտեղից:  Պոեզիայի տեսակետից համամիտ եմ, որ «Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության» եւ կարող եմ պարբերաբար վերընթերցել: Ժամանակակից գրողների իմացությունը, երեւի թե, ավելի շատ խոսում է տարիքիս, քան ճաշակիս մասին: Այժմյան պոետներին լավ չգիտեմ. հաճույքով կարդում էի Արմեն Շեկոյանին ու Վիոլետ Գրիգորյանին, բայց ինչքան հասկանում եմ, հիմա Շեկոյանը միայն արձակ է գրում, իսկ Գրիգորյանը` հրապարակախոսություն եւ մշակութաբանական վերլուծություններ: Ժամանակակից արձակից քիչ թե շատ հետաքրքիր էին Վահրամ Մարտիրոսյանի նոր ձեւաչափերի փորձերը, ինչպես նաեւ հավանում եմ ռուս գրող Պելեւինի գործերը: Ավելի երիտասարդներին, ցավոք, ծանոթ չեմ, ժամանակը չի ներում:

«Մեդիամաքս»-ին  Հ Հ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հարցազրույցը՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել