Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական կրթության պտուղները Հայաստանից դուրս

Մայիս 15,2012 12:31

Արտասահմանից Հայաստան եկողների շարքում մեծ է այստեղ սովորելու ցանկություն ունեցողների թիվը: Նրանք  սովորում են ինչպես հայ ուսանողների հետ համատեղ, այնպես էլ հատուկ իրենց համար նախատեսված բաժիններում: Մի այդպիսի բաժին էլ գործում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետում:

Արտասահմանցի ուսանողները Հայաստանի բուհերի մասին տեղեկանում են տարբեր ճանապարհներով` գործակալություններ, ինտերնետային կայքեր, միջբուհական ուսանողական փոխանակման ծրագրեր: Սակայն ըստ բժշկական համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի՝ Բժշկական համալսարան հաճախ դիմում են ուսման՝ մասին տեղեկանալով իրենց ծանոթներից, ովքեր արդեն սովորել են այստեղ: Արտասահմանցի շրջանավարտները մեր մասին տեղեկությունների տարածման հիմնական աղբյուրն են: Տվյալ երկրի, տվյալ բնակավայրի մարդիկ, տեսնելով, թե ինչպիսի գիտելիքներով են  նրանք վերադառնում, իրենք էլ են ցանկանում գալ և սովորել Հայաստանում: Երվանդ Սահակյանն ասում է, որ ամենից հաճախ երիտասարդներն իրենց դիմում են էլեկտրոնային փոստի միջոցով: Այսօր դիմողների թիվը այնքան մեծ է, որ միջնորդ կազմակերպությունների կարիքը չկա: Բացի այդ, շատ հաճախ այդպիսի կազմակերպությունները սովորել ցանկացողներին ներկայացնում են այնպիսի պայմաններ, որոնք իրականում գոյություն չունեն:

«Մի քանի անգամ պատահել է, որ պարզել ենք, որ ոմանք, ավելի թանկ գներ են ներկայացրել, իսկ գործից անտեղյակ երիտասարդներն էլ ընկել են նրանց թակարդը: Նման դեպքերից խուսափելու համար ավելի լավ է, ոչ ոք չխառնվի այս գործին»,- ասում է պրոռեկտորը:

Օտարերկրացիներին հայաստանյան բուհերը գրավում են նաև ուսման գնով: Շատ երկրների համեմատությամբ այստեղ սովորելն ավելի էժան է ու մատչելի: Բժշկականում հիմնականում սովորում են ուսանողներ Բրիտանական համագործակցության երկրներից, Նեպալից, Սիրիայից, Հնդկաստանից, Շրի-Լանկայից ու Վրաստանից: Ուսուցումը կատարվում է երեք լեզվով` հայերեն, ռուսերեն և անգլերեն, սակայն բոլոր ուսանողներն էլ նախնական դասընթացների ժամանակ հայերեն սովորում են: Տեղացիների լեզվին տիրապետելը պարտադիր չէ ուսման պրոցեսի համար, սակայն հայերեն իմանալը կենասականորեն անհրաժեշտ է:  Դրա համար  մասնագիտական ուսումնական գործընթացը սկսվում է միայն հայերենի ուսուցման դասընթացն անցնելուց հետո:

Պարսկուհի Նեդան սովորում է բուժական ֆակուլտետի 3-րդ կուրսում: Ուսուցումը տարվում է անգլերենով:  Հիմա նա հայերեն այնքան գիտի, որ կարողանում է ազատ շփվել տեղացիների հետ. «Հիշում եմ՝ առաջին կուրսում գիշերները անգամ լաց էի լինում: Փողոցում, խանութում, ամենուր  մարդկանց դիմում էի անգլերենով, բայց քչերն էին ինձ հասկանում:  Հիմա, երբ ես հասկանում եմ, թե շուրջս ինչ են խոսում,  ձեր երկիրն ինձ ավելի հարազատ է թվում»,- ասում է նա:

Չինացի Յոկոն այս տարի ավարտում է համալսարանը, սակայն նրան այդպես էլ հայերենը «չտրվեց»: Նա հասկանում է մի քանի բառեր ու արտահայտություններ. «Ես արդեն սովորել եմ ամենուր ընկերոջս ուղեկցությունը զգալ: Նա իմ հավատարիմ թարգմանիչն է,-ասում է Յոկոն,-բայց գիտե՞ք՝ ես չեմ մտահոգվում: Եթե իսկապես ցանկանայի հայերեն սովորել, ինձ մոտ կստացվեր»:

Ավելացնենք, որ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, եթե 2000 թվականին Հայաստանում սովորում էր մոտ 1300 ուսանող, 2010-ին նրանց թիվը կազմել է 3316 , իսկ մեզ մոտ սովորողների թվով առաջին տեղում  ռուսաստանցիներն են , ապա Վրաստանի, Սիրիայի, Հնդկաստանի եւ  Իրանի  քաղաքացիները:

 

 

Նոննա  Խաչատրյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031