Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

83-ամյա կնոջ բռնաբարության դատը՝ «նոր տողից»

Մայիս 15,2012 12:20

Տավուշի Կողբ գյուղի 83-ամյա բնակչուհի Արփենիկ Անանյանի բռնաբարության համար դատապարտված 26-ամյա Արեն Սարուխանյանի փաստաբանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, եւ այդ գործով առաջին ատյանի դատարանում նոր դատ կկայանա: Այս մասին «Առավոտի» թղթակիցը տեղեկացավ գործով դատախազ Սպարտակ Անտոնյանից: Նրա խոսքերով՝ քրեական գործերով վերաքննիչ դատարանը բողոքը բավարարել է՝ նախադեպ ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի վճիռներից մեկը: Վճռի բեկանման համար հիմք է ծառայել քրեական դատավարական նորմի խախտումը. առաջին ատյանի դատարանի կողմից ճիշտ չի ձեւակերպվել դատին պաշտպանի մասնակցությունը:

 Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 26-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան) Լոռու մարզի Լեջան գյուղում ծնված, Կողբում ժամանակավորապես բնակվող, 26-ամյա ամուրի Արեն Սարուխանյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով դատապարտեց հինգ տարի եւ հինգ ամսվա ազատազրկման: Արեն Սարուխանյանը 2011-ի հոկտեմբերի 16-ին, ժամը 23-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքների ազդեցության տակ, լուսամուտը հրել-բացելու միջոցով մուտք է գործել Կողբի 83-ամյա բնակչուհի Արփենիկ Անանյանի սեփական տան երկրորդ հարկի հյուրասենյակ եւ շուրջ 3 ժամվա ընթացքում միայնակ ապրող ծեր կնոջ բերանը փակելով, սպանության սպառնալիքներ տալով, կնոջ դեմքին եւ մարմնի տարբեր հատվածներին բռունցքներով հարվածներ հասցնելով` բռնաբարել է Ա. Անանյանին:

Դատարանը որպես պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի է առել, որ Արեն Սարուխանյանը համանման հանցագործություն կատարելու համար, 2009թ. նոյեմբերի 26-ին դատապարտվել է 3 տարի եւ 15 օրվա ազատազրկման: Նա 2011թ. մայիսի 31-ի համաներումով ազատվել է պատժի հետագա կրումից, սակայն դատվածությունը չի մարվել: Մինչ դատաքննությունը սկսվելը Արեն Սարուխանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր էր ճանաչել եւ միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031