Իջեւանի ավագանու 6 անդամներ 3 անգամ գրավոր դիմել են քաղաքապետ Վարդան Ղալումյանին, որով նրան մեղադրել են ՏԻՄ օրենքի խախտման եւ իրենց կողմից սահմանված օրակարգով ավագանու նիստ չհրավիրելու մեջ: Նրանք քաղաքապետին առաջարկել են մայիսի 8-15-ը ժամանակահատվածում, ցանկացած օր եւ ժամի նիստ հրավիրել՝ օրակարգում ունենալով համայնքի քառամյա զարգացման հարցը: Ավագանու վերոհիշյալ անդամները իրենց իրավացիությունն ապացուցելու համար քաղաքապետի համար մեջբերել են են ՏԻՄ օրենքի 53 հոդվածի հետեւյալ մասը « .. համայնքի նորընտիր ղեկավարը քառամյա ծրագիրը համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում… իր լիազորությունների ստանձնելու օրվանից երկամսա ժամկետում»: Իսկ 53 հոդվածն ամբողջությամբ այսպիսին է. « Համայնքի ղեկավարը մշակում է քառամյա զարգացման ծրագիրը, որը ներկայացնում է նորընտիր ավագանու հաստատմանը՝ վերջինիս լիազորությունների ստանձնման օրվանից քառամսյա ժամկետում: Եթե համայնքի նորընտիր ղեկավարի լիազորություններ ստանձնելու ժամկետը համընկնում է նորընտիր ավագանու լիազորությունները ստանձնելու օրվանից քառամսյա ժամկետին, ապա համայնքի նորընտիր ղեկավարը քառամյա ծրագիրը համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում կամ ավագանու լիազորությունները ստանձնելու օրվանից քառամսյա ժամկետում կամ իր լիազորությունները ստանձնելու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում»:
Քաղաքապետ Վարդան Ղալումյանը ասում է, որ իր լիազորությունների ստանձնման ժամկետը չի համընկնում նորընտիր ավագանու լիազորությունները ստանձնելու օրվանից քառամսյա ժամկետին, քանի որ ավագանին ընտրվելէ 2011թ. մայիսի 31-ին, իսկ ինքը՝ 2011թ. նոյեմբերի 13-ին: Քաղաքապետն ասում է, որ 2009թ. փետրվարին Իջեւանի ավագանին հաստատել է համայնքի քառամյա ծրագիրը, որի գործողության ժամկետը դեռ չի ավարտվել, այն լրանում է 2013 թ. փետրվարին:
Իջեւանի ավագանու 5 այլ անդամներ քաղաքապետին են դիմել այլ օրակարգով ավագանու նիստ հրավիրելու պահանջով: Այդ օրակարգով ավագանին պետք է հաստատի համայնքի այս տարվա բյուջեն, քաղաքապետարանի եւ դրա ենթակա հիմնարկների հաստիքացուցակները եւ դրույքաչափերը եւ այլն:
Կարդացեք նաև
Քաղաքապետ Վարդան Ղալումյանը մայիսի 15-ին ավագանու նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկել է ավագանու երկու խմբերի ներկայացրած հարցերը, իսկ օրակարգի առաջին հարցը բուն օրակարգի հաստատումն է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ