Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Նշանի փլուզման օրը Մայր աթոռը հանդես եկավ հայտարարությամբ, որով դատապարտում էր Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին որոշ լրագրողների կողմից Ամենայն հայոց կաթողիկոս անվանելը

Մայիս 15,2012 11:22

Երեկ հայտնի դարձավ որ հերթական փլուզումն է տեղի ունեցել Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցում։ Այս տարվա ընթացքում սա արդեն ավերածության երրորդ դեպքն է՝ տարեսկզբին տեղի ունեցած երկու հրդեհներից հետո։ Օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրեւի պատճառով փլուզվել է անմխիթար վիճակում գտնվող եկեղեցու՝ Հովնաթանյանների որմնանկարներով զարդարված զանգակատունը։ Սուրբ Նշանը մեկն է այն վիճահարույց 6 եկեղեցիներից, որոնց պատկանելության հարցը վրաց եկեղեցին առաջարկում է լուծել համատեղ հանձնաժողով կազմելով եւ երկուստեք առկա վիճահարույց խնդիրները քննարկելով։ Իրականում Վրաց ուղղափառ եկեղեցու այդ առաջարկի նպատակը Հայաստանի տարածքում գտնվող մի քանի եկեղեցական համալիրների հանդեպ ունեցած հավակնությունները բավարարելն է, ինչին էլ բնականաբար, Հայ առաքելական եկեղեցին չի համաձայնում։ Իսկ ինչու բնականաբար, որովհետեւ, ի տարբերություն Թբիլիսիի 6 հայկական եկեղեցիների, որոնց իրական պատկանելությունը որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, Հայաստանի տարածքում գտնվող վանքերի գերակշիռ մասը, որոնք վրացական կողմը փորձում է վերագրել իրենց, անվիճելի հայկական պատկանելություն ունի։ Իրականում հենց միայն Թբիլիսիում գտնվող եկեղեցիներից ավելի քան երկու տասնյակը հայկական են, սակայն այսօր մեր հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների վարած անհեռատես քաղաքականության արդյունքում մենք չենք կարողանում լուծել անգամ նշված 6-ի՝ վիրահայոց թեմին վերադարձնելու հարցը։ Ընդ որում, հակառակ սպասելիքների, այս իրավիճակը որեւէ կերպ չփոխեց Գարեգին Բ-ի՝ անցած հունիսին Վրաստան կատարած այցը, որը Սահակաշվիլին որակեց «պատմական»։ Թե որքանով էր այդ այցը պատմական զուտ իրադարձային տեսանկյունից, դժվար է ասել, սակայն որ այդ այցով ոչ միայն չհարթվեցին առկա խնդիրները, այլեւ առաջացան նորերը՝ ակնհայտ փաստ է։ Եվ այն, որ վրաց իշխանությունները, ընդառաջ գնալով իրենց ստանձնած եվրոպական պարտավորություններին, ի վերջո Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին (ի թիվս այլոց) տվեցին իրավաբանական անձի կարգավիճակ, դեռ չի նշանակում, որ հաջորդ քայլով իսկ վրացիները մեզ էին վերադարձնելու մեր եկեղեցիները։ Առավել եւս, որ դրանց համար իրապես պայքարող չկա՝ Իլիա Երկրորդի սրունքը թփթփացնող եւ նրա հետ կիսագրագետ ռուսերենով խոսող Ամենայն հայոց կաթողիկոսը այլ խնդիրներ ունի՝ Երեւանի կենտրոնում սեփական «ռեզիդենցիան» է կառուցում, զբաղված է մոմավաճառության բիզնեսի ընդլայնմամբ եւ տարբեր օբյեկտների մեջ «փայ մտնելով»։ Իսկ կոնկրետ Սուրբ Նշանի փլուզման օրը Մայր աթոռը հանդես եկավ հայտարարությամբ, որով դատապարտում էր ոչ թե փլուզված եկեղեցու նկատմամբ հանցավոր  անտարբերությունը, այլ… Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին որոշ լրագրողների կողմից Ամենայն հայոց կաթողիկոս անվանելու «բարբարոսությունը»։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031