Aravot.am-ը Գյումրու ՀՀՇ կառույցի պատասխանատու Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում Գյումրու ՀԱԿ համակարգող Աշոտ Զաքարյանի` ՀԱԿ-ից դուրս գալու փաստին և դա ինչպե՞ս կանդրադառնա տեղի կառույցի գործունեության վրա: «Աշոտ Զաքարյանի այսօրվա հայտարարության տեքստին ծանոթացել եմ, անձնական բնույթի հայտարարություն է, ոչ կուսակցական, Հանրապետություն կուսակցությունը և Արամ Սարգսյանը համենայնդեպս նման կարգի հայտարարություն չեն արել, թեպետ ակնարկվել է: Աշոտ Զաքարյանը որոշել է քաղաքականությունից, կոնգրեսից դուրս գալ ու զբաղվել հասարակական գործունեությամբ, ես հարգում ու ողջունում եմ նրա` հասարակական գործունեությամբ զբաղվելու որոշումը և հաջողություն եմ մաղթում իրեն»,-ասաց Մուրադ Գրիգորյանը:
Ըստ նրա, Աշոտ Զաքարյանի ՀԱԿ-ից դուրս գալը բացարձակապես չի անդրադառնա Գյումրու ՀԱԿ գրասենյակի գործունեության վրա: «Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում անձերը, նույնիսկ ամբողջական կուսակցություններ` սկսած 90-ականներից , 90-ականների վերջերից` 97-98-ին, եկել են, գնացել են, նորից վերադարձել են, Տեր-Պետրոսյանը որպես պետական ու քաղաքական գործիչ մեր իրականության մեջ կա, իր մնայուն տեղն ունի, իր թիմը կա, մնալու է, գործելու է` առավել բյուրեղացված, առավել հաստատակամ, որովհետև առաջիկայում նախագահական ընտրություններ են սպասվում: ՀԱԿ Գյումրու գրասենյակը ձեր բոլորի աչքի առաջ իր գործունեթյունը շարունակելու է առավել մարտունակ»:
Aravot.am-ի այն ճշգրտող հարցին էլ, թե ուզում եք ասել, որ Աշոտ Զաքարյանի ու նրա շրջապատի մարդկանց դուրս գալով չեն թուլանա՞ ՀԱԿ դիրքերը Գյումրիում, Մուրադ Գրիգորյանը կարճ-կոնկրետ պատասխանեց. «Հաստատապես` ոչ»:
Մեր մյուս հարցին էլ, թե տեղյա՞կ է կոնկրետ քանի հոգի են դուրս եկել ՀԱԿ-ի շարքերից, ՀՀՇ կառույցի ղեկավարն ասաց. «Տեղյակ չեմ, չի էլ հետաքրքրում, Հանրապետություն կուսակցության շատ անդամներ հենց էսօր եկել են մեր գրասենյակ ու հայտարարել են, որ մնում են Հայ ազգային կոնգրեսի շարքերում»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ