«Դրանք պաշտոնական արդյունքներ չեն, այլ կեղծված թվերի հրապարակում»,- Aravot.am-ի հարցին` Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ընդունո՞ւմ է մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնք կիրակի օրը հրապարակեց ԿԸՀ-ն, ասաց կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Հիշեցնենք, որ ինչպես մնացյալ քաղաքական ուժերն, այնպես էլ ՀԿԿ-ն մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական դիրքորոշում հայտնելու համար սպասում էր պաշտոնական արդյունքների հրապարակմանը: ՀԿԿ-ում, բնականաբար, չեն ընդունում այդ արդյունքները եւ առաջիկայում կուսակցությունն իր դիրքորոշումը կարտահայտի համապատասխան հայտարարությամբ:
Իր գնահատմամբ «կեղծիքների շարանը» ավելի ապացուցողական ներկայացնելու համար, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը հետեւյալ օրինակը բերեց. «Եթե մի թոշակառու, տարեց մարդ, դողդոջուն ձեռքերով այն համապատասխան քառակուսուց մի փոքր դուրս է գալիս համապատասխան նշանը դնելիս` անմիջապես անվավեր են համարում այդ քվեաթերթիկը, բայց հազարավոր անձնագրերի վրայից անհետացած թանաքները անվավեր չէի ՞ն: ԿԸՀ-ն ասաց` տեխնիկական սխալ է, թափահարեք թանաքը… իրենք չէի՞ն փորձել, չգիտեի՞ն»:
Անհետացող թանաքների մասին առաջին ահազանգը կոմկուսում ստացել են ժամը 9-ին ու անմիջապես ահազանգել ԿԸՀ, բայց վստահություն չի ներշնչել ԿԸՀ-ի ձեռնարկած քայլերը, քանի որ մինչ այդ հազարավոր մարդիկ արդեն քվեարկել էին եւ կրկնակի քվեարկության հնարավորություններ են ունեցել: Ավելին, ընկեր Թովմասյանը վստահ է, որ հանձնաժողովների անդամները շատ լավ էլ ամեն ինչ գիտեին:
Կարդացեք նաև
Այս ամենին հավելելով նաեւ նույնիսկ ընտրությունների օրը բաժանված զանգվածային ընտրակաշառքները` կոմունիստներին այլ բան չի մնում, քան ասել, որ սկզբունքորեն համաձայն չեն ընտրությունների արդյունքերի հետ: Բայց զգուշացնում են. «Այսօր կարծես ամենը հանդարտվել է, բայց սա վտանգավոր մի լռություն է, որի պայթյունի դեմը ոչ ոք չի կարող առնել»:
Ընկեր Թովմասյանը նաեւ համոզված է, որ իրեն նորմալ համարող եւ որեւէ կուսակցություն երբեք չէր կարող համակերպվել այս ընտրությունների եւ դրանց արդյունքների հետ, մինչդեռ մեր «ընդդիմություն խաղացող» կուսակցությունները որոշել են վերցնել մանդատները. «Բոլորս էլ գիտենք կուսակցություններին, այդ թվում նաեւ ընդդիմադիր, որոնց օձիքից բռնած քարշ տալով մի կերպ գցեցին պառլամենտ: Թող նրանք հիմա դուրս գան փողոց եւ լսեն թե ինչ է ասում ժողովուրդը, երբ «ընտրություն» բառն է հնչում: Ասում են` ամոթ, խայտառակություն: Բայց այդ կուսակցություններն այնքան հանդգնություն ունեն, որ համարձակվում են մեղքը գցել ժողովրդի վրա»:
Ռուբեն Թովմասյանը շնորհակալություն է հայտնում այն մարդկանց, ովքեր իրենց քվեները տվել են ՀԿԿ-ին` համոզված, որ իր կուսակցությունն ավելի շատ քվե է հավաքել, քան իշխանության կողմից ամրագրվածն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ